Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է մեզ «Դաստիարակության մասին» օրենք

Հասարակություն
7a416127d4b3bfe460623bb329275b95

Երեխաներին ճիշտ դաստիարակելու համար ծնողներին եւս պետք է կրթել: Այս կարծիքին է ՀՀԿ պատգամավոր, թիվ 43 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանը, որը ցանկանում է մշակել «Դաստիարակության մասին» օրենք:

Տիկին Մուրադյանը դեռեւս ուսումնասիրում է միջազգային եւ հատկապես ռուսական օրենսդրությունը. «Հիմա փորձում եմ այն տեղայնացնել մեզ մոտ, մեր երկրի համար, նախագիծը դեռ քննարկումների փուլում է: Փորձում եմ հասկանալ` այդ օրենքի անհրաժեշտությունը մենք ունենք, թե ոչ»:

Ռուզաննա Մուրադյանը հիշեցնում է ճիշտ դաստիարակության կոնկրետ օրինակներ. «Հիշում եք, Մոսկվայում, երբ նստում էինք մետրո, բարձրախոսով հաղորդում էր` փոքրիկ տեղդ զիջիր մեծին, տեղդ զիջիր հղի կանանց եւ այլն: Սրանք թվում է, թե փոքր բաներ են, սակայն արժեքներ են»:

Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի համոզմամբ` մեզանում դաստիարակության առումով գաղափարախոսության պակաս ունենք եւ արդյունքում անգամ ծնողներն են մի տեսակ խառնաշփոթի մեջ. «Այսօր ես-ը, մեծ տառերով գրված ԵՍ-ը մենք-ի հետ բախվում է եւ կորում է ես-ը մենք-ի մեջ: Չպետք է ես-ը բարձրացնել ու դարձնել կուլտ` պաշտամունք, ես-ը պետք է ձուլվի հզոր մենք-ի: Եւ այդ մենք-ը ունենա հզոր գաղափարախոսություն, որի կենտրոնում նորից մարդն է»:

Այդ պատճառով, ըստ նրա, մեզ անհրաժեշտ է Դաստիարակության մասին օրենք, որը կարող է լինել նաեւ մեկ ընդհանուր բանաձեւ, որն ընդունելի կլինի բոլորի կողմից: Մեր համաքաղաքացի ծնողները կողմ են, որ լինեն դաստիարակության նորմեր, սակայն դրանք ծնողների համար օրենքով պարտադրված չլինեն։

Քաղաքացիներից մեկին ընդհանրապես զարմացրեց` ինչի համար է պետք Դաստիարակության մասին կամ այլ տիպի օրենքների մշակումը։

Տեսանյութը՝ քիչ ուշ