Ազատ ու հավասար` երիտասարդի բանաձեւը
Երբ դու երիտասարդ ես, դու չես մտածում տարբերությունների մասին եւ անկախ ազգությունից խորհում ես նույն կերպ` քո տարիքին հատուկ եւ գտնում ես լուծումը;
Այսպես է մտածում ԵԽ ժողովրդավարության ֆորումի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկը` 19-ամյա Լուսինե Շախազիզյանը: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհին այս ֆորումի շրջանակներում բացված Ժողովրդավարության ինովացիոն տոնավաճառում ներկայացնում էր "Արվեստը խաղաղության համար" երիտասարդական կազմակերպությունը:
Ինովացիոն տոնավաճառում երիտասարդները ` անկախ ազգությունից միասին էին ներկայացնում իրենց գաղափարները, իսկ ֆորումի մասնակիցներին դեպի տոնավաճառ հրավիրելու համար նստել էին երկրորդ հարկ տանող աստիճանների վրա` բարձրացնելով նախորդ օրերին պատրաստած պաստառները;
Լուսինեն այնքանն էլ սրտին մոտիկ չի ընդունում ֆորումում հնչած հայտարարությունները, թե ժողովրդավարությունը մահանում է: Նա կարծում է, որ երբեք չեն կարող պահանջարկ չունենալ այնպիսի արժեքներ, ինչպիսիք ազատությունն ու հավասարությունն է: Իր համար ամենակարեւորը հենց այս երկու արժեքներն են ու մի բանում է վստահ. "Եթե երկրում մարդու իրավունքները չեն պաշտպանվում, չի կարող լինել ժողովրդավարություն" :
Իսկ ինովացիոն տոնավաճառում տարբեր կազմակերպություններ առաջարկներ էին անում, թե ինչպես թվային տեխնոլոգիաներն օգտագործել ընտրական գործընթացներում, կրթական ոլորտում, ու նաեւ գտնել կառույցների` ժողովրդավարության զարգացման ծրագրերի համար ֆինանսական աջակցություն ստանալու համար: