Կիվիրյանը կպայքարի նաեւ միջազգային ատյաններում
Քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը թեեւ հայտարարվել էր ավարտված, սակայն այսօր ոստիկանները լրացուցիչ ցուցմունքներ են տվել։
«Նախորդ անգամ, երբ ոստիկանները ցուցմունքներ էին տվել, ցուցմունքներում կային էական հակասություններ, այսինքն՝ դասը իրենք վատ էին սովորել։ Փորձում էին հակասությունները դզմզել, դրա համար էլ այսօր կրկին լրացուցիչ հարցաքննության էին կանչել, լրացուցիչ հարցաքննություն էր սկսվել, որպեսզի հարմարացնեին, որ գիտեք՝ ես այդ պահին չէի հիշել, այսպես պետք էր հիշել»,- ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հայտարարեց իրավապաշտպանը։
Իրավապաշտպանի խոսքերով՝ սա վկայում է նրա մասին, որ գործի նախաքննությունը արհեստական է. «Երեք ոստիկան պատմում են մի բանի մասին, թե ոնց է տեղի ունեցել դեպքը եւ իրենց ցուցմունքներում հակասություններ են»։
Վերջինս նշեց, որ պայքարելու են դատարանում, միջազգային ատյաններում, որպեսզի վերջիվերջո հասնեն արդարության, եւ մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության, այլ ոչ թե կարողանան իր դեմ սարքված գործը հասցնել ավարտին։
Իսկ Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ավելացրեց, որ եթե դատարանում արդարադատություն լինի, ապա Արգիշտի Կիվիրյանը պետք է արդարացվի եւ նրա դեմ ցուցմունք տված ոստիկանները ենթարկվեն պատասխանատվության, սակայն այդպիսի հույսեր չի փայփայում։
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ Սրան ավելի ուշ ավելացել է նաեւ սուտ մատնության հոդվածը՝ իբր նա սուտ տեղեկություններ է տարածել, թե ոստիկանները հարվածել են իրեն Կոմիտաս 5-ի պայքարի ժամանակ։
Այս 2 հոդվածները միասին մինչեւ 10 տարի ազատազրկում են ենթադրում։
Մինչդեռ, Արգիշտի Կիվիրյանը պնդում է, որ իր նկատմամբ են բռնություն գործադրել։