Ոսկու շուկան պահանջում է հանդիպում
Երթով կառավարություն հասած Ոսկու շուկայի աշխատակիցները պահանջում էին հանդիպում Էկոնոմիկայի նախարարի կամ աշխատակիցներից որևէ մեկի հետ։
«Եթե չիջնեն, մենք կմտնենք կառավարություն։ 4-5 հոգով կմտնենք»,-հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
Ոստիկանները, որոնք ինչպես միշտ կենդանի պատ էին կազմել ակցիայի մասնակիցների և կառավարության շենքի միջեւ, տեղեկացրին, որ կառավարության ներկայացուցիչը կիջնի և կխոսի ոսկերիչների հետ։
Մոտ տասը րոպե անց իջավ Կառավարության ներկայացուցիչը՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը։
«Դուք հանգիստ գնացեք և աշխատեք, եթե կամայականություն է եղել, ապա կկանխվի։ Տուգանքների հարցով ոչինչ չեմ կարող ասել»,-ոսկերիչներին հայտնեց Ալեքսանդր Ղազարյանը, հավելելով, որ իրենց բողոքն ու պահանջները ոսկերիչները գրավոր ներկայացնեն։
Բողոքողներն էլ դժգոհեցին, որ մինչ օրս ոչ մի գրավոր դիմումի պատասխան չի եկել, որ հիմա էլ նորից գրեն։
Ոսկերիչներն ասում են, որ կշարունակեն գործադուլն այնքան ժամանակ, մինչև Էկոնոմիկայի նախարարությունը պատասխան տա։
Հիշեցնենք, որ Խորենացու փողոցում գտնվող Ոսկու շուկայի աշխատակիցներն այսօր դուրս են եկել բողոքի՝ պահանջելով, որ Էկոնոմիկայի նախարարությունը կամ վերացնի, կամ նվազեցնի տուգանքների չափը, որ սահմանել է հարգադրոշմների համար։