«Ո՞վ է որոշում` Չարենցն ունենա՞ գերեզման, թե՝ ոչ»
Հրապարակախոս, մշակութային գործիչ Հովիկ Չարխչյանը տարօրինակ է համարում այն փաստարկները, թե կան բազմաթիվ հանճարեղ մարդիկ ովքեր գերեզման չունեն եւ թող Չարենցն էլ չունենա։
«Ո՞վ պետք է որոշի, Չարենցն ունենա, թե չունենա գերեզման»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Հովիկ Չարխչյանը։
Նրա խոսքերով՝ որոշ գրականագետներ շեշտը դրել են նրա վրա, որ Չարենցի գերեզմանը գտնվում է Հրազդանի կիրճի մոտ։ Ինքն էլ նույնպես պարբերաբար հիշեցնում է դրա մասին։ «Այնտեղ գտել են Չարենցի մասունքները, ոսկորներն են գտել, այդ ոսկորներն ուսումնասիրվել են եւ ապացուցվել է, որ դրանք համապատասխանում են Չարենցի եւ տարիքին, չափերին եւ անձնական առանձնահատուկ նշաններին»,- ասաց նա։
Հրապարակախոսը հարց է տալիս այն մարդկանց, որոնք ասում են, որ Չարենցի գերեզմանը փնտրել պետք չէ։ «Իրենք համաձայն են, որ իրենք չունենան գերեզման, կամ իրենց հարազատները չունենան գերեզման։ Պարզապես հիմարություն է նման բան ասելը, ես ուրիշ բան չեմ գտնում, այդ որակելու համար»,- եզրափակեց Հովիկ Չարխչյանը։
Վերջինիս խոսքերով՝ Չարենցի գերեզմանը գտնվում է Հրազդան ձորի եզերքին՝ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի տակ։
Հիշեցնենք, երեկ՝ Չարենցի մահվան օրը, այս թեմայով բանավեճ էր ծավալվել։