Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշվեց լավագույն ուսուցիչը

Հասարակություն
06a46d277f78fe831ff7fd21b48e26ec

Նոյեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

«Լավագույն ուսուցիչ» մրցույթը, որին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ, անց է կացվում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային և հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Տիկին Հովհաննիսյանը ուրախությամբ ընդգծեց, թե անցկացվող մրցույթը վկայությունն է այն կարևոր հանգամանքի, որ դպրոցը բարի, հանդուրժող և մեծ գիտելիքներով զինված մանկավարժների ձեռքերում է: Իր խոսքում նա մեծապես կարևորեց համագործակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳ նախարարության միջև, ինչպես նաև կրթության գործում երեխաների հոգևոր դաստիարակությունը:

Շնորհավորելով ուսուցիչներին մրցանակաբաշխության առիթով` ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետն արդյունավոր աշխատանք մաղթեց նրանց:

Հանդիսության առիթով ՀՀ ԱԺ Գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի անունից ուսուցիչներին շնորհավորեց նաև ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը` կարևորելով ուսուցչի աշխատանքը գնահատող ու խրախուսող ամենամյա այս մրցույթը:

Այնուհետև Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ու տիկին Նարինե Հովհաննիսյանը հաղթող ուսուցիչներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:

Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռիտա Բոյախչյանը (Երևանի թիվ 62 ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նինել Սարգսյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի թիվ 2 ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Հրահատ Մուղդասյանը (ՀՀ Տավուշի մարզ, Բերդավանի միջնակարգ դպրոց) և Վանաձորի թիվ 1 դպրոցի դասվար Գայանե Թամազյանը (ՀՀ Լոռու մարզ): Երկրորդ մրցանակ ստացան յոթ, իսկ երրորդ մրցանակ` տասնչորս ուսուցիչներ:

Մայր Աթոռ