Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՏ ոլորտի աշխատակիցները՝ Մանվել Բադեյանին

Հասարակություն
0d3d4b910717e327161cf8fe6a38f078

Ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարության, թե՝ «Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է. հեղ.): Նրանք հըլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա» (աղբյուր՝ http://www.parliamentmonitoring.am/news/195.html) ,
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Դ!ԵՄ ԵՄ» թիմը հայտարարում են.

Պարոն Բադեյան, թույլ տվեք հիշեցնել, որ Դուք հանդիսանում եք Ազգային ժողովի պատգամավոր, այն էլ իշխող կուսակցության՝ ՀՀԿ խմբակցության անդամ և ի պաշտոնե կոչված եք ծառայելու քաղաքացիներին, ում ներկայացուցիչը հանդիսանում եք Դուք օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմնում: Ի դեպ, իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2), և Դուք ընդամենն այդ իշխանությունն իրականացնում եք այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները Ձեզ դա լիազորում, պատվիրում ու համապատասխանաբար վարձատրում են:

Ելնելով այն հանգամանքից, որ Դուք ՀՀ քաղաքացիների, այդ թվում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության անդամ շուրջ 13.000 քաղաքացիների վարձու աշխատողն եք, պահանջում ենք, որպեսզի Ձեր արտահայտություններում, հատկապես հրապարակային, ցուցաբերեք հարգանք ՀՀ քաղաքացու հանդեպ և երբևէ Ձեզ թույլ չտաք նմանատիպ ոչ կոռեկտ արտահայտություններ ՀՀ քաղաքացիների հասցեին՝ առավել ևս Ձեզ իրավունք վերապահելով գնահատականներ տալ այս կամ այն քաղաքացու կրթվածության մակարդակի վերաբերյալ: Ի վերջո սանձարձակությունն էլ սահման ունի, ինչպես և ՀՀ քաղաքացիների համբերությունը: Գիտակցեք, խնդրում ենք, որ Դուք իշխող կուսակցություն եք ներկայացնում և պետք է պատշաճ մակարդակ ցուցաբերեք Ձեր վարքով ու հայտարարություններով:
Ինչ վերաբերում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքին դեմ արտահայտվող քաղաքացիների կրթվածությանն ու ինտելեկտուալ կարողություններին, թույլ տվեք կրկին Ձեզ հիշեցնել, որ այդ քաղաքացիներն այն աստիճան կրթված են և այնպիսի պոտենցիալով, որ կարողանում են աշխատել՝ կիրառելով բացառապես իրենց բարձր մասնագիտական որակավորումն ու գիտելիքները, վճարել բավականին բարձր հարկեր, որպեսզի Դուք կարողանաք ստանալ աշխատավարձ և դեռ մի բան էլ փորձեք այն նշանակալիորեն բարձրացնել: Ելնելով վերը նշվածից՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնությունը Ձեզնից պահանջում է հրապարակային ներողության հայցում՝ ՀՀ քաղաքացիների ստվար խմբին հրապարակային վիրավորելու համար:

Պարզաբանենք. տարբեր մասնագիտությունների տեր, աշխատող մարդկանց կրթվածությունը կասկածի տակ դնելը վիրավորանք է ինչպես քաղաքացուն, այնպես էլ ՀՀ-ին, որտեղ փաստորեն «անկիրթ» քաղաքացիներ են աշխատում տարբեր կարևորագույն ոլորտներում:
Անդրադառնալով Ձեր հարց-մտահոգությանը, թե «ով մեր թոշակը պտի տա», նշենք, որ լինելով օրենսդիր մարմնի անդամ՝ ենթադրվում է, որ այդ հարցի պատասխանն ավելի քան պիտի ունենայիք: Ինչևէ, գտնվելով մեծահոգի՝ պարզաբանենք Ձեզ համար: Պետությունը, որն իրեն Սահմանադրությամբ հռչակել է սոցիալական, պարտավոր է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն կարիքները բավարարող սոցիալական կենսաթոշակ պետական բյուջեից, որը հիմնականում ձևավորվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից, վարելով համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն և իրականացնելով արդյունավետ կառավարում:

Բացի այդ, մենք այսօր վճարում ենք ոչ փոքր տոկոս կազմող եկամտային հարկ, եթե հիշում եք, և մեր վճարած հարկերի միջոցով պետությունն ապահովում է կենսաթոշակ այսօրվա թոշակառուների համար, իսկ վաղը, ելնելով սերունդների համերաշխության սկզբունքից, մեր կենսաթոշակը պետությունը պիտի վճարի վաղվա աշխատող քաղաքացիների վճարած հարկերից ձևավորվելիք պետական բյուջեից: Այլ բան է, որ եթե Դուք մտահոգություն ունեք, որ վաղն այդչափ աշխատող քաղաքացիներ գուցե չլինեն, և մեր վաղվա կենսաթոշակի վճարումը վտանգված է, ապա Դուք եք կառավարող քաղաքական ուժը, հնարավորություն ու պարտք ունեք կառավարելու ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների, որպեսզի վաղը մեր երկրում չլինի համապատասխան որակավորմամբ աշխատունակ քաղաքացիների և աշխատատեղերի պակաս: Հուսանք՝ մեր պատասխանը փարատեց Ձեր մտահոգությունները:


«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնություն
Դ!ԵՄ ԵՄ թիմ