Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում աղքատության ամենացածր մակարդակն է

Հասարակություն
28a211eea70422a3625e9154bfac308c

Այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը`ամփոփելով 2012-ի տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքները: 

Համաձայն այդ զեկույցի` 2011-2012 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աղքատությունն աճել է 4, 8 տոկոսով: ՀՀ ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան իր զեկույցում փաստեց, որ աղքատության մակարդակի աճը պայմանավորող ամենակարևոր գործոնը 2009 թվականի տնտեսության խոր անկումն էր` 14, 1 տոկոսով։

Համաձայն այդ հետազոտության` 2012թ.-ին բնակչության մոտ մեկ երրորդը` 23, 4 տոկոսը, եղել է աղքատ, նրանցից 13,5 տոկոսը՝ առավել աղքատ, իսկ 2, 8 տոկոսը` ծայրահեղ աղքատ:
« 2012-ին աղքատության խորությունը գնահատվել է 5.6%` 2008-ի 5.1%-ի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6%` 2008-ի 1.4%-ի համեմատ», - իր զեկույցում նշեց Դիանա Մարտիրոսովան:
Համաձայն զեկույցի` աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից: Շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից: Ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
«2008-2012-ին աղքատության մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ է ընթացել, քան գյուղական բնակավայրերում», -ասաց ՀՀ ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետը և հավելեց, որ ամենացածր աղքատության մակարդակը գրանցվել է մայրաքաղաքում` 25.6%, ինչը 1.6 անգամ ցածր է, քան այլ քաղաքային բնակավայրերում: