Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիստները բողոքեցին Գագիկ Բեգլարյանից

Հասարակություն
9a427854d403adaa430a6c20e4c1ec76

«Մենք ներկայացրել ենք վեց կետից բաղկացած մեր պահանջները, Գագիկ Բեգլարյանը չի էլ նայել մեր ներկայացրած փաստաթուղթը։ Նա հրաժարվել է կատարել տաքսիստների պահանջները»,- այսօր հայտարարեցին տաքսու վարորդները:

Նրանց պահանջներից առաջինը կայանատեղիների հարցն է: Գոնե կանգառներից քիչ հեռու կայանատեղիներ լինեն: Երևան քաղաքում մոտ տասը հազար տաքսիստ կա, գոնե երկու հազարի համար ավտոկայանատեղի սարքեն»,-ասում է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Հաջորդ պահանջը, որ տաքսիստները ներկայացրել են Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ տաքսին կարմիր գծանշանների մոտ առնվազն երեսուն րոպե անվճար կայանելն է: «Հիմա հինգ րոպե են թույլատրում, ուզում ենք երեսուն րոպե կանգնել, եթե հիմա հինգ րոպեից մեկ րոպե ավել ենք կանգնում, տուգանվում ենք հինգ հազար դրամ: Երրորդ պահանջը մեր ապահովագրությունն է»,- թվարկում է Տիգրան Հովհաննիսյանը:

Տաքսիստները նաև պահանջում են, որ դեղին համարանիշները, ինքնակպչուն կտրոնները լինեն ըստ ցանկության. «Անհատ տաքսիստներն այսօր վճարում են հինգ հազար դրամ սոցվճար, արտոնագրային վճարն էլ տասը հազար դրամ է: Պահանջում ենք, որ անհատ ձեռներեցները վճարեն հինգ հազարական դրամ, այսինքն՝ հինգ հազար սոցվճար և հինգ հազար արտոնագրային վճար։ Վեցերորդ կետով մենք պահանջում ենք մեր վրայից հանել տույժերը, որոնք գոյացել են հարկերը չվճարելու արդյունքում՝ չորս տարվա: Մենք չենք ասում՝ հանեք հարկերը, մենք պահանջում ենք, խնդրում ենք հանել տույժերը։ Մենք խաբված ենք արդեն չորս տարի, մեր վրա տույժեր կան, խնդրում ենք այդ տույժերը հանել մեր վրայից»:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը պատասխանեց. «Երբ Գագիկ Բեգլարյանը հրավիրեց բոլորին, ո՞ւր էր Տիգրան Հովհաննիսյանը, հետևաբար կարելի է ասել, որ սա շոու է: Նախարարը լսեց բոլորին և պարզ ներկայացրեց, որ յուրաքանչյուր պետական կառավարման մարմին ունի իր ֆունկցիաները և հետևաբար կարմիր գծերը, ապահովագրությունը նախարարության լիազորությունների մեջ չեն մտնում։ Ստիկեռների տրամադրման համար գումար չի գանձվելու, դա լուրջ բարեփոխում է: Դեղին համարանիշը ուղղակի տարբերանշան է: Բուժզննում, տեխզննումը կլինի ըստ ցանկության»,- պարզաբանեց Դավիթ Մելքոնյանը:
«Նոր վճարման պայմաններով, եթե Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցելու համար ֆիզիկական անձը վճարում է տասներկու հազար դրամ ամսական, մարզերում ութսուն հազար դրամ՝ տարեկան, գյուղական համայնքներում քառասունհինգ հազար դրամ, Սահմանամերձ տարածքներում՝ երեսուն հազար դրամ: Խոսքը պետական վճարների մասին է»,- բացատրեց Լիցենզավորման ծառայության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը:

Հենց այս պահին Տիգրան Հովհաննիսյանը զանգահարեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին և հանդիպում խնդրեց։

Պարոն Բեգլարյանը չմերժեց տաքսու վարորդին և հանդիպում նշանակեց այսօր՝ ժամը երեքին։ Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով, ինքը նախարարին ավելի մանրամասն կներկայացնի իրենց պահանջները: