Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայում հայկականը գողանում են, մերոնք՝ մոռանում

Հասարակություն
d01b8a622abbf8e2ce74712168f1741a

Ծաղիկներ, խաչեր, տարբեր զարդանախշեր և անգամ Կաղանդ պապ: Այս ամենը կտորների, սփռոցների և հագուստների վրա պատկերում է Հալեպից Հայաստան ժամանած Մադլեն Բերտիզլյանը: Նա ասեղնագործությամբ է զբաղվում մանկուց; Սիրիայում սա ոչ թե արվեստ է, այլ հայապահպանման միջոց. «Ուրիշները մեր ասեղնագործություններով Եվրոպայի մեջ հիմա իրենք իրենցը կդարձնեն, մինչդեռ դա մենք պետք է պահպանենք»:

Տիկին Մադլենը տիրապետում է հայկական ասեղնագործության բոլոր ճյուղերին. «Ամեն ասեղնագործություն իր գույնը ունի, օրինակ` Մարաշի գործը չորս անգամով պետք է լիցքավորես, Սվազի ասեղնագործությունը իր գույներով կտարբերվի, ամեն մեկը իր հատկությունը ունի»,- նշում է տիկին Բերտիզլյանը:

Հալեպում յուրաքանչյուր հայի տանը ասեղնագործության նմուշներն անպակաս են, աղջիկ երեխանները մանկուց հաճախում են դասընթացների: Հալեպից Հայաստան ժամանած Մադլեն Բերտիզլյանը հասցրել է նկատել, որ Հայաստանում այս արվեստի ավանդույթները չեն պահպանվում. «Ասեղնագործության նկատմամբ մարդիկ հետաքրքրված չեն»:

Տիկին Մադլենը հայրենիքում մեկ տարվա բնակության ընթացքում հասցրել է մասնակցել տարաբնույթ ցուցահանդեսների եւ վաճառել իր աշխատանքները. «Փոքր բաներ վաճառում եմ, ոչինչ, բայց մեծ կտորներ` տակավին ոչ»:

Չորս անդամներից բաղկացած հալեպահայ այս ընտանիքը հայրենակիցների վերաբերմունքից չի դժգոհում, միայն թե աշխատանքի խնդիր ունեն «Իմ ամուսինս կփափագեր, որ որևէ տեղ չգնանք, Հայաստանի մեջ մնանք, բայց եթե պայմանները այսպես մնան, չենք կարող: Մեզ համար դժվար է այստեղ ապրել, աշխատանքի առումով, իմ և ամուսնուս աշխատանքով տան վարձը չենք կրնալ տալ»:

Տիկին Բերտիզլյանն ունի երկու դպրոցահասակ երեխա: Նա իր աղջկան արդեն փոխանցել է ասեղնագործության գաղտնիքները: Վստահ է` մի օր պետք կգա, նույնիսկ օրվա հացի խնդիր կարող է լուծել: Այս պահին ընտանիքը երազում է միայն մեկ բանի մասին` այլեւս չհեռանալ հայրենիքից: Տիկին Մադլենը մտադիր է այստեղ ասեղնագործության խմբակ հիմնել, իսկ այնուհետև՝ դպրոց: