Էքստրեմալ կատարում «Տաթեւեր» ճոպանուղով ճամփորդելիս
Այսօր առաջին անգամ աշխարհում ամենաերկար հետադարձելի «Տաթեւեր» ճոպանուղով ճամփորդելիս Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը կատարեց անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի Simple Symphony-ն:
Նոյեմբերի 22-ին նշվում է Բենջամին Բրիտտենի ծննդյան 100-րդ տարեդարձի օրը, ողջ աշխարհում անցկացվում են կոմպոզիտորին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Հերթական միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ:
Էդուարդ Միրզոյանի անվան քառյակը հիմնվել է այս տարվա ապրի ամսին: Քառյակում ընդգրկված են ջութակահարներ Արամ Ասատրյանը և Սոնա Ազարյանը, ալտահար Արմեն Թորոսյանը և թավջութակահար Վահան Գրիգորյանը:
«Չափազանց պավորված ենք: Նման էքստրիմալ պայմաններում կատարել Բրիտտենին պարզապես հերոսություն է: Սառնությունը, նեղ տարածքը, վիբրացիան, ամեն ինչ ավելի էր բարդացնում մեր աշխատանքը, սակայն դա չխանգարեց ստանալ հաճելի կատարում»,- իր տպավորությունները կիսեց ջութակահար Արամ Ասատրյանը:
Քառյակի մյուս ջութակահար Սոնա Ազարյանը առաջին անգամ էր նման պայմաններում կատարում ունենում. «Հետաքրքիր էր, սիրով կատարեցի, պայմանները բնականաբար առաջացնում էին բարդություններ, սակայն սիրով կատարեցինք: Տպավորիչ էր և հիշվող»,- ասաց նա:
Քառյակի համերգիր վայրը պատահական չէր ընտրված, դեռ 1965թ. Բրիտտենրը եղել է Հայաստանում, Էդվարդ Միրզոյանի հետ միասին այցելել է նաև Սյունիք, հիացել բնությամբ և մարդկանց հյուրասիրությամբ: