Ինչ է սպասվում Ստեփանավանի օդանավակայանին
Ստեփանավանի օդանավակայանը հանձնվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինմանը: Այսօր ԱԺ-ում «Աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Այս հայտարարությունը հետաքրքրեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին: Այս որոշումը նա ճիշտ է համարում, սակայն նրան մտահոգում է մի բան. Մենք ունենք տեխնիկայի պակաս եւ այդ պատճառով պետք է աշխատացնենք ռուսաստանյան ուղղաթիռներ, արդյոք հավելյալ խնդիրների առաջ չե՞նք կանգնելու. «Ի՞նչ պայմանագրային հիմունքներ են լինելու, ի՞նչ երկարաժամկետ ծրագրեր են, արդյոք չի՞ սպառնում Ստեփանավանի օդանավակայանին Էրեբունի օդանավակայանի ճակատագիրը` այնպես չստացվի, որ մի օր պարզվի, որ դա ռուսական ռազմաբազայի օդակայան է»:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը շտապեց փարատել պատգամավորի մտահոգությունները` ասելով. «Տեխնիկան լինելու է ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, իսկ անձնակազմը` մեր կողմից: Իրենց օդաչուներն էլ են լինելու մեզ մոտ, բայց ամբողջությամբ օդանավակայանը լինելու է մերը, եւ մենք դա չենք տրամադրելու ՌԴ-ին կամ ՀԱՊԿ երկրներին: Այդ ՄԻԳ8 ուղղաթիռները մեզ անհրաժեշտ են հատկապես անտառային հրդեհները հանգցնելու համար»:
Խորհրդարանական լսումներին այսօր աղետների կառավարման եւ կանխարգելման հիմնահարցերը քննարկվեցին բազմակողմանի: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը մասնավորապես անդրադարձավ հանքավայրերի ու դրանց թափոնների աղետալի ազդեցությանը գետերի ու հատկապես խմելու ջրերի վրա: Նա հայտարարեց, որ, օրինակ, Ողջի գետն արդեն իսկ հավերժորեն մեռյալ ենք դարձրել հանքավայրերի թափոնների արտահոսքի պատճառով: Ըստ նրա` մի քանի տարի անց նույն ճակատագրին կարժանան նաեւ Քասախ, Մեղրի գետերը:
Ինչ վերաբերում է խմելու ջրերին, ապա պարոն Սանասարյանն ահազանգում է` մոտակա 20 տարում մենք ծանրագույն խնդիրներ ենք ունենալու խմելու ջրի հետ կապված. դրանք եւս անխնա աղտոտվում են: Բացի այդ, «Կանաչների միության» նախագահը նաեւ արձանագրում է` բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անմիջապես պոչամբարների մոտ արածել են խոշոր եղջերավոր անասուններ: ԱԻՆ ներկայացուցիչներն արձագանքեցին, որ ծանոթ են այդ խնդրին ու ամեն ինչ անում են լուծումներ գտնելու համար: