Կառավարության անդամները հեռացել էին ետնամուտքով
Կառավարության շենքի առաջ այս պահին շարունակվում է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության կազմակերպած ակցիան։ Նրանց են միացել Դալմայի այգիների հարցերով բողոքող քաղաքացիները, այլ քաղաքացիական ակտիվիստներ։
Կառավարության շենքի եւ ակցիայի մասնակիցների միջեւ ոստիկանները պատ են կազմել։
Մասնակիցները փուչիկներ են բերել, որոնք փչեցին՝ վրան գրելով «10 տոկոս» ու օդ բաց թողեցին։ «Այս համակարգը նման է փուչիկի, որն ի վերջո պայթելու է»,- ասացին նրանք ու մի քանիսը պայթեցրին։
«Ձեռքներդ հեռու աշխատավարձերից», «Ստոպ անարդյունավետ կառավարությանը»,
«Ստոպ թալանին» եւ նման բովանդակությամբ պաստառները բազմաթիվ են։
Ակցիայի մասնակիցները պահանջում էին կառավարության որեւէ ներկայացուցչի, ով կլսի իրենց պահանջները. մասնավորապես՝ մեկ տարով հետաձգել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կիրառումն ու հանել «պարտադիր» բաղադրիչը։
Նախաձեռնության ներկայացրած նամակը վերցրեց Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն
պետ Ալեքսանդր Ղազարյանը ու արագ հեռացավ՝ նշելով, որ իրենք հերթական անգամ կպատասխանեն գրավոր։
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ տեղեկացրեց, որ կառավարության ներկայացուցիչներն արդեն ետնամուտքով հեռացել են։