Ինչո՞ւ ԿԳՆ-ն չի ընդունում ԲՀԿ-ի առաջարկը
Անապահով ուսանողներն իրենց վարձերը վճարելու տարբերակներ ունեն։ Բարեգործական հիմնադրամները պատրաստակամ են աջակցել նրանց, թեեւ ամեն տարի նոր խոչընդոտի առաջ են կանգնում։
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով արդեն մի քանի տարի է՝ բուհերի ռեկտորները չեն համագործակցում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ, որը անվանական կրթաթոշակներ է առաջարկում ուսանողներին։ Այս տարի իրենց հարցմանը պատասխանել են միայն մասնավոր բուհերը։
«Գրությունների մի մասը բուհերի ռեկտորների կողմից մնացել է անպատասխան, մի մասն էլ ներկայացրել է պատճառաբանություն, որ ԿԳՆ-ից ցուցում չեն ստացել»,- ասում է Վահե Էնֆիաջյանը։
ԿԳՆ-ի ցուցումը պարտադիր չէ՝ վստահեցնում է պատգամավորը` դա բուհի ռեկտորատի խորհուրդը պետք է որոշի: Անգամ այդ հանգամանքն անտեսելով՝ Վահե Էնֆիաջյանը դիմել է ԿԳ նախարարին` աջակցություն ստանալու համար եւ պատասխան չի ստացել;
Իսկ այսօր ԿԳՆ պաշտոնական կայքէջում հայտնվել է ԲՀԿ պատգամավորի նամակի պատասխանը՝ նախարարությունը պատրաստակամ է ու շահագրգիռ է համագործակցել բոլոր հասարակական, քաղաքացիական և բարեգործական կառույցների, ինչպես նաև տնտեսվարողների հետ՝ անկախ քաղաքական հայացքներից։
Սակայն Էնֆիաջյանն ասում է. «Մինչ այս պահը պատասխանը չենք տեսել, հիմա պաշտոնական կայք էջում կան պատճենները, ի դեպ, օրիգինալը մենք չենք ստացել։ Այսօր արդեն ամսի 20-ն է, հուսով եմ՝ շուտով կստանանք»։
Կայքում ծանոթանալով նամակի պատասխանին՝ Վահե Էնֆիաջյանը չի հասկանում, թե ինչու է ԿԳՆ-ն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինների կողմից պաշտոնական առաջարկի սպասում։ Պատգամավորը իր նամակն արդեն իսկ պաշտոնական է համարում։
Անկախ ամեն ինչից բարեգործական հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրելու է սոցիալապես անապահով ուսանողներին։
Օրեր առաջ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նույնպես դիմել էր ԿԳՆ ուսանողներին աջակցելու համար եւ ստացել էր նախարարության համաձայնությունը։ Ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ պատգամավորի առաջարկը նույնքան արագ չստացավ պատասխան։
Պատգամավորը չի մեկնաբանում. «Ես ընդհանուր գործընթացի մասին խոսում եմ, իսկ եզրակացություններն ու գնահատականներն իմ կարծիքով լավագույնս հասարակությունը պատկերացնում է, եւ ուսանողները առավելեւս հասկանում են, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել»։