Երեւանի բարձրահարկերի 80 տոկոսը խոցելի է
«Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, ցավոք սրտի, չունի վերահսկողության լիազորություն»,- անդրադառնալով մայրաքաղաքում ծավալվող ակտիվ շինարարությանը` հիշեցնում է սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության ՊՈԱԿ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:
«Մենք չենք կարող մեր ցանկության դեպքում գնալ ու շինարարության հրապարակում պահանջել շինարարության նախագիծը, ստուգել արդյո՞ք այն հաստատված է սահմանված կարգով, արդյոք բոլո՞ր կետերն են համապատասխանում ներկայումս գործող սեյսմակայուն շինարարության նախագծի կետերին»,-նշում է նա:
Պարոն Նամալյանը ևս մեկ անգամ ահազանգում է, որ Երևանը բարձր սեյսմիկ ռիսկայնություն ունեցող քաղաք է. «Երևանում կան 4000-ից ավելի բարձրահարկ շենքեր, որոնց 80 տոկոսը խոցելի է: Մենք ունենք խիտ կառուցապատում, ունենք շենքեր, որոնք կառուցվել են տասնամյակներ առաջ և արդեն մաշվել են: Խորհրդային տարիներին կառուցված շենքերի մեծ մասը անհուսալի է: Այս ամենի կողքին շարունակվում են վեր խոյանալ շենքեր, որոնց սեյսմակայունությունը կասկածի տակ է»:
«Երևանում ծավալվող շինարարությունը ունի տեխնիկական և հեղինակային հսկողություն: Միաժամանակ վերահսկում է քաղաքաշինության նախարարության վերահսկողոթյան տեսչությունը: Դրանք են վերահսկող մարմինները:Մեզ երբեմն դիմում են, ու մենք փորձում ենք մասնագիտական օգնություն տալ, սակայն նման դեպքերը շատ չեն»,-եզրափակեց նա: