Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրային հեռուստատեսությունը շատ լավ կով է»

Հասարակություն
b9e8424a7a206f8653c2e14f230e36fc

Հայաստանի մեդիաների թվայնացման քարտեզագրման թեմայով հանդիպման ժամանակ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանն իր զեկույցում անդրադարձավ հեռարձակման ոլորտում առկա իրավիճակին, օրենսդրությանը, հեռարձակումը կարգավորող մարմնի գործունեությանը:

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ ԱԺ-ում հայտարարվեց, թե երկու տարի հեռարձակման ոլորտում մրցույթներ չեն անցկացվի, հասկանալի էր, որ դա արվում էր մեկ նպատակով՝ փակված «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր չվերադարձնելու համար:

Ըստ նրա՝ «Հեռուստատեսության եւ ռադիո»-ի մասին օրենքը միտված չէ զարգացնելու ոլորտը. «Բոլորին է հայտնի, որ հեռարձակման ոլորտը գտնվում է իշխանության վերահսկողության տակ, ու այս օրենքը ստատուս քվո է եւ նպատակը եղած իրավիճակը պահպանելն է՝ նոր խաղացողների մուտք այս դաշտ չի ակնկալվում, միայն առկա 18 հեռուստատեսություն ու վերջ»:


Հեռուստատեսությունների ֆիքսված այս թիվը զարմացրել է մեդիա դաշտի փորձագետներին՝ արդյոք պետությունը լուրջ հետազոտություննե՞ր է անցկացրել՝ ստանալով այս թիվը. «Ասացին, թե աուդիտի հաշվարկներ են արվել: Պարզվեց, որ աուդիտը բոլորովին էլ այդ ընթացքում չէր ավարտվել: Աուդիտ անցկացնող կանադական ընկերության աշխատանքին կառավարությունը հավանություն չէր տվել ու հետ էր վերադարձրել՝ լրամշակելու»:

Պարոն Մելիքյանը նկատեց նաեւ, որ այդպես մինչ օրս չեն հնչել երեք կարեւորագույն հարցի պատասխան՝ քանի հաճախականություն կա, քանիսն են ազատ ու քանիսը զբաղված. «Այն ժամանակվա հանձնաժողովի նախագահը, մեղմ ասած, մարդկանց գցում էր թյուրիմացության մեջ»:
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ներկայացրեց «Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորումը, այլընտրանքային հանրային հեռուստատեսություն ստեղծելու նախաձեռնության» հեռանկարները՝ ասելով. «Հանրային հեռուստատեսությունը շատ լավ կով է ու կարելի է շատ լավ կթել: Միայն 2011թ. 27,5 օր եղել է գովազդ կամ դրան հավասարեցված բլոկ, որից ստացել է մոտ 4 մլրդ դրամ եկամուտ»: