Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքի եւ իրականության հակասությունը

Հասարակություն
46d62e2a9389e015880b903f0e288054

Ի տարբերություն Ադրբեջանի ու Տաջիկստանի, Հայաստանի մեդիաների թվայնացման քարտեզագրումը պատրաստ է, եւ այն այսօր ներկայացվեց Երեւանում:

Այսօր «Հայաստանում մեդիաների թվայնացման քարտեզագրում» զեկույցի ներկայացմանն ընդգծեց «Բաց հասարակության հիմնադրամներին Լրատվամիջոցների աջակցման ցանցային ծրագրի» պատասխանատու Մարիուս Դրագոմիրը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի ու Տաջիկստանի պարագայում կար տվյալների պակաս եւ մատչելիության խնդիր: Մինչդեռ Հայաստանում պարոն Դրագոմիրին տպավորել է որոշ տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը, մասնավորապես՝ ինտերնետ թափանցելությունը, որը 5-7 անգամ աճել է: Նա նաեւ դրական գնահատեց բջջային հեռախոսների տարածվածության միտումները, սա այն դեպքում, երբ 5 տարի առաջ Հայաստանն այս հարցում երկրների շարքում ամենավերջինն էր, այժմ՝ առաջատար երկրների ցանկում է:

Այսօր ներկայացված զեկույցը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի եւ «Բաց հասարակության հիմնադրամներին Լրատվամիջոցների աջակցման ցանցային ծրագրի» հետ համատեղ աշխատանք է: Զեկույցի նպատակն է պարզել, թե ինչպես են երկրները իրականացնում անցումը ավանդականից դեպի թվային մեդիա: Մարիուս Դրագոմիրը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններն անցկացվել են 60 երկրում՝ 250 հետազոտողների թիմի կողմից, եւ այն ամիբիցիոզ ծրագիր է:

Պարոն Դրագոմիրը, ներկայացնելով մանրամասներ զեկույցից, նկատեց, որ լրատվամիջոցների քաղաքականության առումով իրենց կողմից ուսումնասիրած երկրներում կա թափանցիկության պակաս, մինչդեռ ՀՀ-ում այդ պրոգրեսն արդեն նկատելի է՝ ՀՀ-ն Ճապոնիայից, Իսպանիայից,Բրազիլիայից հետո 5-րդն է վերգետնյա ցանցի տարածման առումով:

Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանն, անդրադառնալով «Հեռուստատեսության եւ ռադիո»-ի մասին ՀՀ օրենքի թվայնացման բաժնին, ներկայացրեց օրենքի եւ իրականության հակասությունները: Նա նշեց, որ այս տարի կառավարությունը ԱԺ-ին ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի ՀՀ-ում հետաձգվեց թվայնացման գործընթացը՝ մինչեւ 2015թ. 2-րդ եռամսյակ: Աննա Իսրայելյանը կասկած հայտնեց, որ այս ժամանակահատվածում էլ դժվար թե անցում կատարվի թվային հեռուստատեսության:

Մասնավորապես նա մեջբերեց օրենքի այն դրույթը, թե անապահով ընտանիքները մինչեւ թվայնացումը պետք է պետության կողմից սուբսիդավորվեին թվային կցորդներով. «ԱԺ-ի կողմից հաստատված նախագծում այս պահին նման միջոցներ ընդհանրապես նախատեսված չեն:

Ինչպես նաեւ՝ չկան քարոզարշավներ, արդյունքում ՀՀ-ում չկա մի քաղաքացի, որ իմանա, թե իր հեռուստացույցը երբ է սկսելու հեռարձակել թվային սկզբունքով: Սա այն դեպքում, երբ խոստացվել էր նաեւ իրականացնել իրազեկում»:

Աննա Իսրայելյանը ամենակարեւոր հակասությունը խոստումների ու իրականության միջեւ գտել է հեռուստահաճախականությունների ավելացման հարցում. «2009թ., երբ առաջին անգամ հայտարարվեց թվայնացման մասին, ասացին, որ ալիքները կշատանան ու նաեւ այսպիսով կլուծվի փակված հեռուստաընկերությունների հարցը: Ավելի ուշ հայտարարեցին, թե կարեւորը՝ ազդանշանը լինի որակով, այլ ոչ թե շեշտադրումն արվի հեռուստաալիքների քանակի ավելացման վրա»: