Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրք Կարբեցիների մասին

Հասարակություն
69dfff25daebb56b5085e4eb29012e2e

Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր տոն էր: Մեկ հարկի տակ հավաքվել էին գյուղի մեծերն ու փոքրերը: Նրանց համախմբել է իրենց պատմությունն ամփոփած Գևուշ Բաղդասարյանի «Կարբեցիներ» գրքի շնորհանդեսը:

«Գիրքը նվիրված է Կարբիի երկու խոշորագույն տոհմերին՝ Թալալենց և Բաղդասարենց: Նրանց մեծ մասն այսօր ապրում է Կարբիում և մեծ հեղինակություն ունի, նրանց նախնիները, որոնք գաղթել են ժամանակին հին Բայազեդից, մեծ հուշեր են թողել»,-ասաց գրքի հեղինակ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևուշ Բաղդասարյանը։

Գրքի շնորհանդեսին, որը կազմակերպվել էր հենց Կարբի գյուղում, ներկա էր նաև Թալալենց տոհմի երիտասարդ ներկայացուցիչ Մարինե Մելքոնյանը, ով իր խոսքում նշեց. «Կարևոր աշխատանք է կատարված, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ հպարտ է, որ իր ազգատոհմի վերաբերյալ նման աշխատություն գոյություն ունի»:

Գրքով ոգեւորված են ոչ միայն տոհմերի ներկայացուցիչները, այլեւ նրանց հետ բարեկամացած գյուղացիները: Գիրքը կարևոր է պատմության տեսանկյունից, այսպես է կարծում պատմաբան Համո Սուքիասյանը. «Շատ պատմական փաստեր դուրս են գիտական աշխատություններից, որովհետև դրանք կրողները իրենց հուշերը չեն հանձնում թղթին և փոխանցում հաջորդ սերունդներին»: