Դիաբետով հիվանդների թիվը աճում է
Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է ավելի քան 62000 շաքարային դիաբետով հիվանդ։ ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանն ասում է, որ այս թիվը դիաբետով հիվանդների ընդհանուր պատկերը չի ներկայացնում, քանի որ կան հիվանդներ, որոնք հաշվառված չեն։ Գլխավոր էնդոկրինոլոգը տեղեկացնում է, որ եթե 90-ական թվականներին տարեկան 1000 դիաբետով նոր հիվանդ էր հաշվառվում, ապա 2010 թվականին այդ թիվը հասնում է 2000-ի։ Էդուարդ Թորոմոնյանը վստահեցնում է, որ հիվանդության երիտասարդացում է նկատվում։ Խոսելով հիվանդության առաջացման պատճառներից՝ էնդոկրինոլոգը նշեց, որ դրանք բազմազան են, բայց առաջնայինն ու հիմնականը ժառանգականության գործոնն է: Հիվանդության առաջացման գործում մեծ դեր ունեն նաեւ սոցիալական ծանր վիճակը, ոչ առողջ սննդակարգը, ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը եւ այլն: Հիվանդությունը կանխարգելելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել սննդակարգին։ Նա նաև տեղեկացրեց, որ հիվանդության առաջին իսկ նախանշանների՝ քաշի անկման, թուլության, հաճախամիզության և բերանի խոռոչի չորացման դեպքերում անպայման դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի համաշխարհային օրն է: Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում ավելի քան 220 մլն մարդ տառապում է այդ հիվանդությամբ: 2010-2030 թվականների ընթացքում շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմելու է 0,9 տոկոս: Սա նշանակում է, որ 2030թ. Հայաստանում յուրաքանչյուր 10-րդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ: