«Վատագույն կառավարություն» գավաթը գործադիրը չընդունեց
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը այսօր կազմակերպել էր «STOP»-ի երթը դեպի կառավարություն: Միության անդամները պահանջում էին ներկայիս գործադիր իշխանության հրաժարականը, ինչպես նաև արդար կառավարություն, արժանապատիվ ուսանողական կյանքի ապահովում և սոցիալական վիճակի բարձրացում:
Երթը սկսվեց Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) դիմացից, երիտասարդները անցան բուհերի դիմացով: Արդեն կառավարության դիմաց նրանք գործադիրին էին պատրաստվում հանձնել «Վատագույն կառավարություն» գավաթը, սակայն կառավարության ներկայացուցիչը` Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, չընդունեց գավաթը` ակցիայի մասնակիցներին առաջարկելով այն հանձնել ընդունարան: Նա նաև անվստահություն հայտնեց ակցիայի նկատմամբ` ասելով, որ 50 հոգուց բաղկացած շարժումը չի կարող ներկայացնել ողջ ուսանողության կարծիքը: