Արծվաշենցիները խնդիրներից չեն վախենում
«Ուզում եմ քաղաքագետ դառնալ». երազում ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղի միջնակարգ դպրոցի միակ 11-րդ դասարանցի Գոհար Ասատրյանը: Գոհարը սիրում է իր բնակավայրը, հեռանալու նպատակ չունի, նա միայն ցանկանում է, որ գյուղը զարգացում ապրի. «Երեխանների համար խաղահրապարակ լիներ, որ չկա ընդհանուր այս տարածքում, ինչ-որ սրճարաններ, այգիներ, թանգարաններ, այնպիսի բաներ, որոնք այստեղ չկա»։
Արծվաշենի դպրոցն այսօր ունի ընդամենը 17 աշակերտ և փոքրիկ դասասենյակներում տեղավորվել է 10-11-րդ դասարանիցի մեկական աշակերտ։ Դպրոցը նաև չունի 5-րդ և 8-րդ դասարան, իսկ միակ 10-րդ դասարանցի Արսենն ուզում է իր գյուղում ակտիվություն, շարժ լինի։ «Ես ուզում եմ, որ իմ ապրած տեղում բնակչությունը մեծ լինի ու հարմարություններ լինեն»,-ասում է Արսենը։
Ի տարբերություն երեխաների, ուսուցիչների մտահոգությունն այլ է` դպրոցի շենքի անմխիթար վիճակն և անհրաժեշտ գույքի բացակայությունը: Դասվար Մերի Հարությունյանը մեզ պատմեց. «Դե դասասենյակները տեսաք ինչպիսին են՝ փոքր են, կահավորված չէ, մենք մեր ուժերով, երեխաների հետ միասին ինչքան կարողանում ենք վերանորոգում ենք և գույք բերում։ Պարզ է, որ երեխան գալիս է առաջին դասարան, խաղում է, բայց այստեղ խաղալիքների պակասություն էլ կա»։
Հանրահաշիվ և երկրաչափություն դասավանդող ուսուցչուհի Մարտիրոսյան Հասմիկի խոսքերով՝ երեխանները ցանկություն ունեն սովորելու, քանի որ նրանց խանգարող այլ զբաղմունք չկա, սակայն հիշեցրեց, որ. «Երկրաչափական պլակատներ, հանրահաշվի պլակատներ չկան: Դասագրքերը նույնպես քիչ են, ինչը խանգարում է երեխաներին»։
Արծվաշենը թեև խնդիրներ ունի, սակայն արծվաշենցիներին առկա խնդիրները չեն վախեցնում։ Նրանք ըմբռնումով են մոտենում ցանկացած հարցի։ Տարածքը ադրբեջանցիներից ազատագրվելուց հետո այն կոչվել է Արծվաշեն, քանի որ այստեղ 2000 թվականից հիմնականում բնակություն են հաստատել պատերազմի արդյունքում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Արծվաշենի բնակիչները։
Ի դեպ, Արծվաշենցի հատկապես արական սեռի փոքրիկները վճռական են. ի՞նչ ես դառնալու հարցին մեկ պատասխան ունեն. «Զինվոր, որ հայրենիքս պաշտպանեմ թշնամուց», - միաձայն ասում են փոքրիկները։