Միջադեպերի մասին մեզ մոտ տեղյակ չեն
Այսօր առավոտյան Երևանից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Ռոստով Դոնում` ուղևորներից մեկի մահվան պատճառով: Ըստ նախնական տվյալների՝ 44-ամյա տղամարդը Սանկտ Պետերբուրգ էր մեկնում բուժում ստանալու նպատակով:
Օրվա վերջում էլ հայտնի դարձավ, որ նախօրեին «Трансаэро» ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավը, որը չվերթ էր իրականացնում Երևանից դեպի Մոսկվա, Մոսկվայի երկնքում հազիվ է խուսափել այդ պահին Արխանգելսկից վայրէջք կատարող «Ютейр» ավիաընկերությանը պատկանող օդանավի հետ բախումից:
Երևանից մեկնած օդանավն անհայտ պատճառներով շեղել է ուղղությունը և հայտնվել հանդիպակաց ուղղությամբ թռչող օդանավի դիմաց:
«Ա1+»-ը փորձեց պարզել մահացած տղամարդու ինքնությունը, ինչպես նաեւ Երեւան Մոսկվա չվերթի մասին նոր տեղեկություններ։ «Զվարթնոց» օդանավակայանից եւ Քաղավիացիայի վարչությունից մեզ հայտնեցին, որ երկու միջադեպի մասին էլ նրանք տեղեկություններ չունեն, քանի որ չվերթն իրականացնող ավիաընկերությունները ռուսական են։