«Ախպոր տուն գնալու համար տաքսի գոյություն ունի»
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց մետրոպոլիտենի վերանորոգման 2-րդ փուլի հարցը: Ներկա պատգամավորները, սակայն, մի փոքր շեղվեցին թեմայից ու անցան մետրոպոլիտենի այլ խնդիրներին:
Երեւանի ներքաղաքային տրանսպորտը չի նպաստում մետրոպլիտենի աշխատանքին: Այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում` 2-րդ փուլ» ֆինանսական պայմանագրի շուրջ քննարկմանը նկատեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը. «Քաղաքային տրանսպորտի իմաստը զանգվածներին հարմարավետ տեղափոխելն է, ոչ թե ես իմ տնից դուրս գամ, գնամ իմ ախպոր տուն, դրա համար տաքսի գոյություն ունի»։
Այս տարվա մայիսի 2-ին ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրվել է 5 մլն եվրո արժողությամբ պայմանագիր, ըստ որի` պետք է բարելավվի եւ զգալիորեն նվազեցվի մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքը, ինչպես նաեւ` բարձրացվի տեխնիկական սպասարկումը: Պարոն Հարությունյանը, սակայն, առաջարկում է նախ եւ առաջ քննարկել մետրոյի դերի բարձրացման հարցը, այլ ոչ թե նախապատվությունը տալ վերգետնյա երթուղայիններին. «Էսօրվա մարշրուտների երթուղիներն այնպես են մտած` էս բակով մտնենք, էն բակով հելնեմ, երկրորդի պադյեզդը, 4-րդ հարկով իջնենք, այսպես տրանսպորտ չի կազմակերպվում»:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ասում է. «Կարելի է այնպես անել, որ մարշրուտները լինեն հենց մետրոյի գծերի մոտ: Մենք այդքան հնարավորություն չունենք, որ Երիտասարդական մետրոն փակենք, տանենք ուրիշ տեղ բացենք, այսինքն մյուս տրանսպրոտն է դրան համապատասխանեցվում»։
ՀՀԿ պատգամավորն առաջարկում է, որպեսզի ոչ թե արտերկրի վարկավորման ծրագրերից օգտվենք, այլ Երեւանի քաղաքապետարանն ինքը ստանձնի ֆինանսական ողջ պատասխանատվությունը: «Սա էլ է շատ հարցական, սա էլ է շատ վիճելի, սակայն եթե մենք չխոսենք այս մասին, Երեւանը երբեւէ նման ֆինանսական պատասխանատվություններ չի ստանձնի»,- ասում է Խոսրով Հարությունյանը։
Մետրոն մեր երկրում պետականորեն սուբսիդավորվող ոլորտ է` 1,8 մլրդ դրամի չափով: Իսկ մետրոպոլիտենի տարեկան ծախսն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 3,4 մլրդ դրամ: