Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կխթանվի տուրիզմն ու ներդրումները

Հասարակություն
c08b3098dc3d5b3c528e651b260c3760

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաև կարևորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները:

Իվան Վոլինկինը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը մեծ դերակատարում ունի երկու երկրների առկա հարաբերություններում, ինչն իր հերթին նպաստում է նաև քաղաքների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այդ համատեքստում դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել առկա հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև այլ քաղաքների հետ ևս գործընկերային հարաբերություններ ձևավորելուն:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու պատրաստակամ ենք բոլոր ուղղություններով նպաստելու այդ հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եվ վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ որպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան՝ կանեմ հնարավորը այդ հարաբերություններն էլ ավելի բազմակողմ դարձնելու ուղղությամբ»,-նշել է Իվան Վոլինկինը:
Այնուհետ կողմերը քննարկել են նաև տուրիզմի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն