«Հոգ են տանում Լիսկայի լակոտների մասին» (տեսանյութ)
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից 20 ձերբակալվածների հարազատներին թույլ չեն տալիս հանդիպել նրանց։
Իվան Պողոսյանը վստահ է, եղբայրը՝ ազատամարտիկ Ալիկ Պողոսյանը, որևէ հանցանք չի կատարել։ Նա ընդամենը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համախոհն էր, որը փորձել է երկրում իրավիճակ փոխել։ Նա հոգեբանական ճնշում է համարում եղբոր հետ անգամ կնոջը տեսակցության արգելումը. «Իրանք հոգ են տանում Լիսկայի լակոտների մասին, իրանք հոգ չեն տանում սովորական քաղաքացու համար, անտանելի է, դրա համար էլ գնացին էդ քայլին»։
Այն, որ հարազատների հետ տեսակցելու ձերբակալվածների իրավունքը խախտվել է՝ պնդում է նաեւ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը. «Հերթապահ ոստիկանները հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է թույլ տա, մենք մեր այցելության ժամանակ նայեցինք բոլոր 20 ձերբակալվածների գործերը, վարույթ իրականացնող մարմնի կողմից որևէ փաստաթուղթ չկար՝ տեսակցությունը թույլ չտվող»։
Պարոն Իսկանդարյանը անձամբ զրուցել է բոլոր 20 ձերբակալվածների հետ, որոնք նրան վստահեցրել են, որ բաժանմունքում ոստիկաններն իրենց ծեծի չեն ենթարկել։