Ցածրորակ լրատվականի դեմ պայքար՝ մկնիկով
«Հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքի փոփոխությունը մեծ ազդեցություն չի ունենա լրատվամիջոցների վրա», - կարծում է մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Այսօր տեղի ունեցած «Հանրային նշանակության խնդիրների լուսաբանումը էթիկական տեսանկյունից» խորագրով քննարկման ժամանակ նա, անդրադառնալով վերջերս ԱԺ-ում «Հեղինակային և հարակից իրավունքների» մասին օրենքի ընդունմանը, նշեց, որ համաձայն չէ այդ օրենքի 22. 1 հոդվածի հետ. «Օրենքում հստակ չկա գրված, թե ինչ է նշանակում մեջբերումներ անել միայն նպատակն արդարացնող ծավալով, չկա նշված, թե ով է որոշելու այդ ծավալը», - նկատում է մեդիափորձագետը:
«Եթե սկսեն լրատվամիջոցներն այս օրենքը կիրառել, նրանք պետք է ամեն օր դատական գործեր հարուցեն միմյանց դեմ, և իմ կարծիքով լրատվամիջոցները ժամանակ չեն ունենա իրենց բուն գործունեությամբ զբաղվել»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը։
«Այս պրոբլեմը կարելի լուծել, եթե ինքնակարգավորման զարգացած համակարգ լինի, որովհետև ինքնակարգավորման մակարդակում ավելի հեշտ է իրար հետ պայմանավորվել», - նշեց նա։
Անդրադառնալով լրատվական կայքերում տեղադրվող տարատեսակ բնույթի ինֆորմացիոն նյութերի որակին՝ Հարությունյանն ընդգծեց, որ ցածրորակ նյութերի ու հաղորդումների դեմ կարելի է պայքարել միայն պուլտով, մկնիկով և դիլիթներով։ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը դժվարանում է միանշանակ ասել, թե նոր օրենքը որքանով կաշխատի մեր երկրում. «Դժվար է ասել, թե լրատվական կայքերը դատարան կդիմեն, թե ոչ», - կարծում է Դեհերյանը։
Քննարկմանը մասնակից Մոլդովայի «Անկախ մամուլի ասոցիացիայի» գործադիր տնօրեն Պետրու Մակովեյի խոսքով՝ իրենց երկրում էլ քիչ չեն գրագողության և հեղինակային իրավունքի խախտման դեպքերը, և այդ հարցերը լուծվում են գործընկերության շրջանակներում։