Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 հոդված՝ Արգիշտի Կիվիրյանի դեմ

Հասարակություն
627333ca8bd4cfee3e861c79194af377

Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»։ Սրան այսօր ավելացել է նաեւ սուտ մատնության հոդվածը՝ իբր նա սուտ տեղեկություններ է տարածել, թե ոստիկանները հարվածել են իրեն Կոմիտաս 5-ի պայքարի ժամանակ։

Այս 2 հոդվածները միասին մինչեւ 10 տարի ազատազրկում են ենթադրում։
Ինչպես փոխանցում է Արգիշտի Կիվիրյանը, ըստ մեղադրական եզրակացության, երբ իրեն բերման են ենթարկել Ոստիկանության բաժին, ինքն է խփել ոստիկանության մեքենայի դռանը եւ վնասել իրեն։ Կիվիրյանը սա անհեթեթություն է համարում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։

Կիվիրյանը նշեց, որ այսօր ՀՔԾ-ում հրաժարվել է որեւէ ցուցմունք տալ։ Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, փորձում են լռեցնել նրան, բայց դա նրանց չի հաջողվի։
Հիշեցնենք՝ այսօր Արգիշտի Կիվիրյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության Կոմիտաս 5-ի գործով։