Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ՀԴՄ-ները բացառիկ են

Հասարակություն
4c0c998d9ae50eaeb5e9cc70dab51fa9

Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը ներդրել է մոտ 400 հազար դրամ արժեցող նոր սերնդի ՀԴՄ սարքավորումները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ-ի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

«Սա աշխարհում եզակի հսկիչ դրամարկղային մեքենա է, որի անալոգը չկա: Վերջերս տեղի ունեցած ցուցահանդեսին այն ներկայացվել է որպես նորություն: Կոնկրետ այս ՀԴՄ-ից ոչ մի այլ երկրում ներդրված չէ, բայց բոլոր երկրները ժամանակ առ ժամանակ փոխել են իրենց ՀԴՄ-ները՝ ժամանակի պահանջներից ելնելով»,- ասաց նա:

Մեր երկրում ներդրված նոր սերնդի ՀԴՄ-ներն ունեն բացառիկ ֆունկցիոնալ հնարավորություններ, ինչը առաջին հերթին հնարավորություն չի տալիս ծրագրային միջամտություններ անել։ Պարոն Միրումյանի խոսքերով, սա հարկային վարչարարության տեսանկյունից ամենաառաջնային խնդիրն է:

Սարքերը բացառիկ հարմարավետություն են ապահովելու՝ տնտեսվարողները հնարավորություն են ունենալու ՀԴՄ-ի միջոցով դուրս գրել հարկային հաշիվներ: Սարքերն, ըստ նրա, պոստտերմինալ են, այսինքն` հնարավորություն կտան տեղում ոչ կանխիկ եղանակով վճարումներ կատարել։

Վախթանգ Միրումյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ նոր հսկիչ դրամարկղային մեքենաները ներդնելուց առաջ ինչո՞ւ ՊԵԿ-ը հաշվի չէր առել, որ միջին գործարարի գրպանի համար շատ բարձր գին է: ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ երբ կառավարությունը որոշում ընդունեց, հիմքում հստակ դրված էր, որ ՀԴՄ-ները 500 միլիոն շրջանառություն ունեցող սուբյեկտներին իրացնելու է ավելի բարձր գնով, որպեսզի այլ հարկ վճարողների համար հնարավորություն լինի դա իրացնել ավելի ցածր գնով: Հետո կառավարությունը ընդունեց որոշում, որի համաձայն, ՀԴՄ-ների գինը իջեցվեց 150 հազարից մինչեւ 280 հազարի, ըստ շրջանառության:

Սակայն գործարարների մեծ մասը թանկ գնով է ձեռք բերել ՀԴՄ-ն. Նրանք փոխհատուցում կստանան. «Հարկ վճարողների շրջանում մի այսպիսի դիրքորոշում է ձեւավորվել` միշտ սպասում են վերջին օրվան, մեր պրակտիկան համենայնդեպս դա է ցույց տալիս: Այդ 1700-ը վերջին 4 օրն էին ձեռք բերել: Գնային փոխհատուցումը տրամադրվում է»: