«Էրիկսոն»-ը կկառուցի ՀՀ թվային ցանցը
2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունը պետք է անցներ վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման, սակայն այս տարվա հունիսին Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց այդ ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին:
Կարծիքներ կային, որ պատճառն այս ուղղությամբ կառավարության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելն էր եւ 2012-ին ձախողված մրցույթը, որի արդյունքում պետք է որոշվեր թվային ցանցի կառուցումն ու կառավարումը իրականացնող ընկերությունը: Տարվա կեսին պարզ դարձավ, որ կառավարությունը հրաժարվել է մրցույթի տարբերակից, եւ պետությունն է կազմակերպելու թվային ցանցի ենթակառուցվածքների ստեղծման գործը:
Սակայն, այն ֆինանսական զգալի միջոցներ էր պահանջում: Գումար հայթայթելու ինչ տարբերակ գտնվեց, եւ ինչպես է իրականացվելու թվայնացման գործընթացը. այս հարցերի շուրջ «Հետքը» զրուցել է Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի հետ:
-Հեռուստատեսության թվայնացման ո՞ր փուլում ենք գտնվում:
-Մենք գտնվում ենք վերջնական փուլում: Դեկտեմբերի 6-ը թվայնացման պայմանագիրը կնքելու վերջին օրն է: Կկնքենք, եւ կլինի գործողությունների ժամանակացույց: Մրցույթ հայտարարվեց, եւ կա արդեն հաղթող:
-Խոսքն անցյալ տարի հայտարարված մրցույթի՞ մասին է, որի ժամանակ նախաորակվեց երեք ընկերություն, բայց այդպես էլ հաղթող չեղավ:
-Ոչ, դա առաջին մրցույթն էր: Անցյալ տարվա մրցույթի հետ կապված պրոբլեմներ եղան, որովհետեւ ով որ վերջում ընտրվեց, ասաց, որ պետության առաջարկը տնտեսապես ձեռնտու չէ:
-Իսկ ի՞նչ պայմաններ էին առաջադրվել մրցույթին հայտ ներկայացրած ընկերություններին:
-Կոնցեսիոն կառավարման: Նրանք պետք է ներդրումներ անեին, հետո շահագործելու ընթացքում, երբ եկամուտ ստանային, այդ ծախսը ետ կստանային: Նախ 10 կազմակերպություն ընտրվեց, հետո մնացին 6-ը, ապա՝ 4-ը, հետո՝ 3-ը, ի վերջո ընտրվեց մեկը, որը եկավ ու ասաց, որ տնտեսապես ձեռնտու չէ, չեմ ուզում մասնակցել:
Դրա համար փոխեցինք խաղի կանոնները: Հիմա պետությունն ինքն է գնում թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումները, ումից որ գնելու ենք, նա էլ բերելու է եւ տեղադրելու է:
-Ո՞ր ընկերությունից եք գնելու սարքավորումները:
-Էրիկսոն (Ericsson): Աշխարհում մի քանի ընկերություն է մասնագիտացած թվայնացման սարքավորումների արտադրության մեջ, ումից որ գնենք, նա էլ կտեղադրի եւ կկրի պատասխանատվություն՝ կտա երաշխիք: Ժամկետները ծայրը ծայրին հասցնելու առումով մեկ առավելություն կա, որ սարքավորումների գներն ընկել են, եւ մենք ավելի էժան ենք գնելու: Եվ արդեն գիտենք, թե աշխարհում ինչ նոր բան կա, ուստի ամենալավն ենք գնելու:
Դեկտեմբերի 6-ը «Էրիկսոնի» հետ պայմանագիրը կնքելու վերջին օրն է, բայց հնարավոր է՝ այն ավելի շուտ կնքվի: «Էրիկսոնի» հետ այս պահին ժամանակացույցի խնդիրն է քննարկվում: Հաջորդ տարի կսկսվի եւ ՛տեղադրումը, եւ՛ փորձարկումը:
-Թվայնացման տեխնիկական առաջադրանքը 12 մլն դոլար էր գնահատվել: Վերջնարդյունքում որքա՞ն կարժենա թվայնացումը:
-Կարող է արժենալ առավելագույնը 15 մլն դոլար, բայց այս գումարը կարող է նվազել, որովհետեւ սարքավորումների գներն օր-օրի իջնում են:
Շարունակությունն այստեղ