Թուրքիան՝ բարձր ռիսկային երկրների շարքում
Թուրքական Marsa Yagsan.Vetic ընկերության ONA մարգարինի ներմուծումը Հայաստան արգելվել է. հոկտեմբերի 26-ին Բագրատաշենի մաքսային կետով Թուրքիայից Հայաստան ներմուծվող մարգարինը`21564 քաշով, հոկտեմբերի 28-ին ենթարկվել է լաբորատոր փորձաքննության և արդյունքում պարզվել է, որ պղնձի քանակը նորմայից բարձր է եղել:
«Ա1+»-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը տեղեկացրեց,որ ապրանքների ներմուծման համար Թուրքիան բարձր ռիսկային երկրների շարքում է գտնվում, և հատկապես Թուրքիայից ներկրված ոչ մի ապրանք առանց փորձաքննության Հայաստան չի մտնում:
Նա նշեց, որ օրենքով հատուկ պատիժներ չկան նման դեպքերի համար. «Եթե հայտնաբերվում են վտանգավոր նյութեր, ապա մենք առաջարկում ենք կամ օգտահանել՝ վերամշակել, կամ ոչնչացնել»:
Այս դեպքում հայկական կողմը Թուրքիային առաջարկել է օգտահանել ապրանքը. «Մենք առաջարկել ենք վերամշակել, թեև մեր մասնագետների կարծիքով՝ դա հնարավոր չէ, քանի որ պղնձի չափաքանակը բավականին բարձր էր: Ամեն դեպքում Թուրքիայի կողմից դեռ պատասխան չկա»,-տեղեկացրեց տիկին Սուքիասյանը:
Ի դեպ, Հայաստանը մարգարին ներկրում է միայն հետևյալ երկրներից`Ուկրաինա, Իրան, ՌԴ, ԱՄՆ, Իտալիա, Բելառուս, Թուրքիա: