Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ են մարդիկ լքում Հայաստանը

Հասարակություն
f7670007bb7f5095fd39a2eaae6f36ac

Վերջին տարիներին ահագնացող ուղեղների արտահոսքի միտմանը գումարվել է նաև ընտանիքներով երկարաժամկետ բնակության նպատակով արտագաղթելու միտումը: Սա հաստատվում է նաև վերջերս Քոլոլյան Հիմնադրամի կողմից ներկայացված հետազոտության արդյունքներով:


Քոլոլյան Հիմնադրամը (Տորոնտո, Կանադա) ներկայացրել է մի զեկույց, որով բազմակողմանի հետազոտության է ենթարկվել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը և արտագաղթի պատճառները: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ արտագաղթի հիմքում միայն տնտեսական պատճառները չեն: Հարցումները և ֆոկուս խմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարցվածների եկամուտների աճին զուգահեռ աճում է նաև նրանց՝ արտագաղթելու մտադրությունները: Այլ կերպ ասած, որքան աճում է ընտանիքների եկամուտները, այնքան շատ են նրանք մտածում արտագաղթելու մասին: Հարցվածների կողմից նշված պատճառներից են տնտեսական, իրավական և այլ ոլորտներին առնչվող հիմնախնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են աշխատատեղերի բացակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, բիզնես իրականացնելու համար ոչ հավասար պայմանների, մենաշնորհների առկայությանը, ինչպես նաև օրենքի իշխանության հետ կապված հարցերին: Նշված հիմնախնդիրների արդյունքում ձևավորվում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ ապագա չեն տեսնում իրենց ընտանիքների և երեխաների համար: Արդյունքում քաղաքացիները փորձում են իրենց բողոքն արտահայտել, և քանի որ հասարակությունը թույլ է և չի կարողանում այդ բողոքի ձայնը լսելի դարձնել, և լսող էլ չկա, մարդիկ որոնում են ելք, որը հիմնականում արտահայտվում է արտագաղթի տեսքով:


Որպես աշխատատեղերի և ներդրումների պակասության պատճառ է նշվում սեփականության իրավունքի անարդյունավետ պաշտպանությունը և գործարար միջավայրի թերությունները: Զեկույցն անդրադառնում է «Փարիզյան Սուրճ»-ի հետ կապված դեպքերին և նշում է, որ նման նախադեպերը Հայաստանում հետագա ներդրումների ներգրավման համար խիստ բացասական տեղեկատվական դաշտ են ստեղծում: Ուսումնասիրության են ենթարկվել նաև հարկային վարչարարությունը. որպես օրինակ նշվում է հարկային մարմինների կողմից հաճախակի իրականացվող չարտոնված ստուգումները: Նշված փաստարկը հիմնավորելու նպատակով զեկույցը հղում է կատարում Մարդու Իրավունքների Գրասենյակի կողմից ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղղված նամակին (2013թ., մայիս), որով նշվում է, թե բազում տնտեսվարողներ բողոքում են Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հաճախակի և պլանից դուրս իրականացվող ստուգումների վերաբերյալ: Այս փաստարկը հիմնավորվում է ՀՀ Սահմանադրությանը, համապատասխան կոնվենցիաներին և օրենքներին հղում կատարելով, և նշվում է, որ այս պրակտիկան հակաիրավական է:


Ստացվում է, որ կան փորձագիտական գնահատականներ և մարդիկ տեղյակ են արտագաղթը խթանող խնդիրների վերաբերյալ: Հարցն այն է, թե ինչու այդ խնդիրները չեն լուծվում:
Հետազոտությունը մանրամասն անդրադառնում է արտագաղթը խթանող խորքային խնդիրներին: Նշված զեկույցը հասանելի է այստեղ: