Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը հետազոտեց դատվածության տեղեկանքները

Հասարակություն
7fae36baf356d4566ccb63455bb64d09

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանում այսօր շարունակվեց քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ քաղաքագետ Արկադի Վարդանյանն Արսեն Ավետյանի հետ նախապատրաստել էր վերջինիս հոր՝ Ռոբերտ Ավետյանի սպանությունը՝ նրա գույքին տիրանալու նպատակով։

Նրանց սպառնում է 12-ից մինչեւ 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Այս գործով անցնում է նաեւ Վարուժան Սաֆտալյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ՝ «ազալեպտին» դեղամիջոց է ձեռք բերել եւ տրամադրել Արսեն Ավետյանին։ Բացի դրանից, ոչինչ չի հայտնել նախապատրաստվող ծանր հանցագործության մասին։

Այսօր դատարանում ուսումնասիրվեցին գործում առկա ապացույցներն ու հեռախոսային խոսակցությունները։ Վերջիններիս մեջ, ի դեպ, շատ էին հայհոյանքները։

Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը նշեց, որ իր պաշտպանյալը որեւէ անգամ չի ծանուցվել հարցաքննության ներկայանալու համար, սակայն 2013 թ . մայիսի 18-ին նրան ոչ միայն բերման են ենթարկել, այլեւ 8 հոգով ստիպողաբար մեքենայից դուրս են հանել։

Այսօր դատարանը նաեւ հետազոտեց ինչպես Արկադի Վարդանյանի, այնպես էլ Արսեն Ավետյանի դատվածության տեղեկանքները։

Միշտ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Արկադի Վարդանյանը 2000թ. եւս ձերբակալվել էր` սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով, սակայն հետագայում ազատ էր արձակվել: