3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի (տեսանյութ)
Այս տարի հոկտեմբերի 12-ը նշվելու է Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օր:
«Մեդիա կենտրոնը» կազմակերպել է քննարկում այս թեմայի շուրջ։
Բանախոսներն անհրաժեշտ են համարում պալիատիվ օգնությունը հասանելի դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները՝ պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց՝ համապատասխան ցավազրկողներ ստանալու խոչընդոտները վերացնելու համար:
ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Տեր-Գրիգորյանն անհրաժեշտ է համարում, որ այս օրենքն արագ անցնի:
Համաձայն այս խնդրի վերաբերյալ Հայաստանում իրականացված կարիքների գնահատման` գրեթե 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի: Նրանց մեծամասնությանն անհրաժեշտ է լիարժեք ցավազրկում:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանը նշում է. «2010 թ. հետազոտության արդյունքներով՝ օրական 3200-3600 հոգի պալիատիվ օգնության կարիք ունի: Այդ թիվը դառնում է 80-100 հազար, եթե հաշվի առնենք, որ հիվանդների ընտանիքի անդամներն էլ են շահառու»։
Պալիատիվ օգնության նպատակն է՝ բարելավել հիվանդի կյանքի որակը, քանի դեռ նա ապրում է։ Մասնագետները պնդում են՝ մարդը պետք է արժանապատվորեն անցկացնի իր կյանքի վերջին օրերը։
Ներկայումս գործող կարգի համաձայն՝ թմրամիջոցները հիվանդին տրվում են բժշկական հանձնաժողովների քննարկման արդյունքում։ Խոչընդոտն այն է, որ հստակ ամրագրում չկա, մասնագետի վերլուծության հիման վրա է որոշվում՝ ում տրամադրել այդ նյութերը, և հաճախ մասնագետը խուսափում է նշանակումներից։ Բացի այդ, օրենքի ամրագրումից հետո կբացառվի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։