«Բոլոր գյուղնախարարներին պետք է պատժել» (տեսանյութ)
«Ու՞ր են գնում մեր գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումները»,-արդեն երկար ժամանակ է՝ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը չի գտնում այս հարցի պատասխանը:
«Արմավիրում կարկուտից հետո ոչ մի փոխհատուցում չեղավ, մարդիկ արտագաղթում են, մեկնում են արտագնա աշխատանքի, որ կարողանան ապրել, պետությունը ոչ մի քայլ չի անում, իսկ աղքատությունը հատկապես գյուղերում գնալով խորանում է»,- վրդովված նկատում է նա:
Պարոն Սեդրակյանին հատկապես զայրացնում են գյուղնախարարության կողմից ներկայացվող տեղեկությունները, թե մեր գյուղատնտեսությունը զարգանում է. «Նկարչություն է: Գեղեցիկ համակարգչային լուծումներով ցույց են տալիս, թե այս կամ այս ոլորտում աճ ենք գրանցել ու նույն էլ անում են միջազգային ժողովների ժամանակ, որ նույնիսկ եվրոպացին մտածում է, թե ինչ երանելի երկիր է Հայաստանը»:
Սարգիս Սեդրակյանը օրինակ է բերում վարելահողերը. «Ասում են, թե 30-40 տոկոսը մեր վարելահողերի անմշակ է և վատ վիճակում, բայց ոչ, 70-80 տոկոսն է, քանի որ հատկապես Արմավիրում, Արտաշատում, Արարատում ինչքան հողատարածքներ կային՝ վաճառեցին օլիգարխներին»,- նկատեց նա:
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը այս դրության ելքը տեսնում է աղքատ գյուղացիների աջակցելու մեջ,բայց նախևառաջ, ըստ նրա, պետք է պատժել մեղավորներին. «Պետք է 1991-ից հետո եղած բոլոր, անխտիր բոլոր գյուղնախարարներին պատասխանատվության ենթարկել»,- եզրափակեց նա: