Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեն չի բավարարում նաեւ գերատեսչություններին (տեսանյութ)

Տնտեսություն
cad59a42b607ee4895f7bc4c8c26b004

Արդյոք մեր նախարարներին ու գերատեսչություններին բավարարո՞ւմ են 2014թ. պետբյուջեով իրենց ոլորտների հատկացումները: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մոտ, ինչպես ինքն է ասում, այս հարցը երկփեղկվածություն է առաջացնում. «Որպես կառավարության անդամ, որ կողմ է քվեարկել դրան, բնականաբար բավարարում է, բայց ոլորտի զարգացման համար այս պահին շատ ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ»:

Սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստին կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ այն եկամուտների գծով կկազմի 1.161.9 մլրդ դրամ, իսկ ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ, դեֆիցիտն էլ կլինի 115.6 մլրդ դրամ: Հրայր Թովմասյանը դեմ չէր լինի, եթե նախատեսվածից ավելի շատ լիներ բյուջետային հատկացումը, սակայն կարծում է, որ միայն իր ոլորտի մասին չպետք է մտածել. «Ես չեմ կարող ասել` եկեք նպաստները կրճատենք, ՊՆ-ին հատկացվող գումարները կրճատենք, ուղղենք Արդարադատության համակարգին»:

Ինչ վերաբերում է 2014թ. իր ոլորտի առաջնահերթություններին, ապա հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ինչպես հանրությանը մատուցվող ծառայությունների որակի կտրուկ բարձրացման վրա, այնպես էլ՝ մթնոլորտում արդարության մակարդակի բարձրացման:

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մովսիսյանին եւս բավարարում են բյուջետային հատկացումները, քանի որ իրենց հույսը միայն այդ գումարները չեն. «Շատ ծրագրեր իրականացվում են միջազգային կազմակերպությունների հետ: Հիմնական առաջնահերթությունը արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունն է»:

Մյուս առաջնահերթությունները կլինեն Գյումրու տեխնոպարկի շահագործումը եւ ՓՄՁ զարգացումը: Իսկ 2014թ. բյուջետային գումարների` շուրջ 200 մլն դրամ ավելացում նախատեսվել է որակի ենթակառուցվածքների զարգացման համար: Իսկ ՏՄՊՊՀ-ն 2014թ. բյուջետային ոչ մի ավելացում չի ունենա։

ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանն ասում է. «Մերը միայն պահպանման ծախսերն են: Մենք աշխատողների թվաքանակի ավելացում չունենք, սպասարկվող մեքենաների լրացուցիչ պահանջ չունենք, այդ պատճառով նույնն է մնացել»։

ՊԵԿ-ի հպարտությունը բյուջեի եկամտային մասի 98 մլն դրամի ավելացումն է.
«Եկամուտների ու վճարումների նկատմամբ վերահսկողությունը հասել է այնպիսի մի մակարդակի, որ բոլորի նկատմամբ արդեն ցուցաբերվի համարժեք մոտեցում, ինչը մենք հետեւողականորեն իրականացնում ենք, այլապես կարծում ենք, որ հնարավոր չի լինի ապահովել այն հիմնական խնդիրները, որոնք գերատեսչության առաջ դրված են»,- ասում է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: