Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրեբունի-Երեւանը»՝ գաղտնիության քողի տակ

Հասարակություն
2c8822cb83eef4e0ee2e917522c6c7e4

Երեւանի քաղաքային իշխանությունները շատ անակնկալներ են պատրաստել երեւանցիների համար. դրսից երգիչ-երգչուհիներ, խմբեր են բերելու։ Թե ովքեր են Երեւանի տոնը ավելի «ֆիրմա» դարձնելու ՝ հայտնի չէ. քաղաքապետարանը չի ասում։

Երեւանցիների համար միայն տեսանելի է, որ իրենց քաղաքի տոնի համար 200 մլն դրամ ծախսող քաղաքապետարանը զարդարում է քաղաքը «Իմ սրտի ուղեկից» բովանդակությամբ պաստառներով և վահանակներով, ինչպես նաև քաղաքի տարբեր մասերում հավաքվող 30 բեմերով, դրոշներով, լույսերով, որոնք լույս կտան ընդամենը 2 օր։

Իսկ մինչ այդ եւ դրանից հետո քաղաքացիների մի մասը երեկոյան տուն է վերադառնում չլուսավորված փողոցներով, քանդած մայթերով, էլ չենք խոսում քաղաքային տրանսպորտի մասին։ Իսկ այսօր իրենց սահմանափակ հնարավորությունների մասին բարձրաձայնեցին հաշմանդամություն ունեցող անձինք՝ տարրական թեքահարթակներ չկան։

Քաղաքապետարանը գումարներ հայթայթելու համար կարողանում է բարերարների հետ «լեզու գտնել» միայն տոնից-տոն։

«Էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումների ցանկին հետևելով՝ կարելի է պատկերացնել, թե ինչքան շատ է սիրում քաղաքապետարանն իր քաղաքացիներին.
«Ջրցան մեքենաների շքերթ, հուշարձանների լվացում, Մարաթոնյան վազք, Կարաոկե-Երևանյան սիրված երգեր և այլ միջոցառումներ»։ Այս բոլորը՝ դեռ չհավաքված գումարով։

Ի դեպ, քաղաքապետարանի հաղորդագրություններից մեկում կարդում ենք. «Տոնական միջոցառման մանրամասները ներկայացնելով քաղաքապետին՝ «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նշել է, որ հոկտեմբերի 11-ին թանգարանի հարակից տարածքը կվերածվի ազգային երգ ու պարի հարթակի: Համերգային ծրագրի մեկնարկը կտրվի Արգիշտի արքայի ողջույնի խոսքով»:

Այսինքն՝ աշխատանքներում ներգրավված է նաեւ «Շարմը», ում մատուցած ծառայությունները, ասում են, թանկ հաճույք են։

Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն «Ա1+»-ին հայտնեց, որ միջոցառումներից հետո միայն կհայտնեն՝ արդյոք 200մլն դրամ հավաքվե՞ց, թե՞ ոչ։ Մինչեւ վերջին պահը չեն կարող ասել այդ մասին։

Քաղաքապետարանն իսկապես սիրում է անակնկալներ անել և իրեն ապահով է զգում՝ գաղտնի պահելով իր գործողությունները։

Լավագույն դեպքում մեզ առաջարկում են գրավոր ուղարկել հարցերը, ինչի փորձը եւս ունենք. մեր գրավոր հարցերին ամիսներ շարունակ քաղաքապետարանը չի պատասխանել. Այն ժամանակ, իհարկե, հարցերն այլ թեմաների շուրջ էին։