Դ. Հարությունյանն է կազմակերպել Փոստանջյանի հարցը (տեսանյութ)
ԵԽԽՎ ժամանակավոր պատվիրակ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին Ստրասբուրգում հարց է ուղղել, որովհետեւ Հայաստանի Ազգային Ժողովի մշտական պատվիրակները հարցեր չեն ունեցել։
«Շատ արհեստական կլիներ, եթե իշխանության ներկայացուցիչները հարց ունենային հանրապետության նախագահին»,- ասում է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Դավիթ Հարությունյանն անձամբ է կազմակերպել, որպեսզի Զարուհի Փոստանջյանը մեր պատվիրակության մեկ այլ անդամի փոխարեն հարց ուղղի Սերժ Սարգսյանին։ Հարցը, սակայն, Դավիթ Հարությունյանի սրտով չէր, այնտեղ վիրավորանք կար։
Այդ հարցով Հայաստանի ընդդիմությունը հարվածեց ինքն իրեն. «Գերակշիռ մասի մտքում ամենեւին ընդդիմության այդպիսի կեցված չէ, որ համարվում է ողջամիտ կամ հարիր ժողովրդավար հասարակությանը»։
Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարց տալու ցանկություն ունեցող միակ հայ պատգամավորը չէր։ Հարցեր ունեցել է նաեւ ժամանակավոր մյուս պատվիրակը՝ Լեւոն Զուրաբյանը։ «Հերթականությունը, թե ինչպես են հարցեր տալիս այդ անձին, հիմնականում դեր են խաղում երեք գործոն, առաջինը՝ երբ ես դու հերթագրվել, երկրորդը՝ որ քաղաքական խումբն ես ներկայացնում, եւ երրորդը՝ ակտիվությունը քվեարկություններին մասնակցելու»,- բացատրում է Դավիթ Հարությունյանը։
Իրավական առումով Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակի կարգավիճակում մեկ այլ պատգամավորով փոխարինելը պարտադիր չէ։ Սակայն Ազգային Ժողովի նախագահը կորոշի, թե ումով փոխարինել ընդդիմադիր պատգամավորուհուն։ Հանրապետական պատգամավորին հիշեցրեցին, որ Դոնթի բանաձեւը նման փոփոխություններ թույլ չի տալիս. «Պարտադիր չէ այստեղ օգտագործել Դոնթի բանաձեւը, Դոնթի բանաձեւը միշտ չէ, որ օգտագործվել է։ ԱԺ նախագահը դրա համար հենց ինքն է ձեւավորում այդ պատվիրակությունները, որովհետեւ նա պետք է բնականաբար արտացոլի քաղաքական ներկապնակը, սակայն որ պատվիրակությունում ինչ ձեւով, դա կորոշի ինքը»։
Դավիթ Հարությունյանը համոզված է՝ պատվիրակության նոր կազմը միգուցե հավասարակշիռ չլինի, բայց համաչափ եւ արդարացի կազմ կլինի։
Հանրապետական պատգամավորը ընդունեց, որ, այնուամենայնիվ, Վեհաժողովն է որոշում՝ ինչքանով է պատվիրակության կազմը համաչափ եւ արդարացի։
Ի դեպ, պատգամավորը նշեց, որ պատվիրակության անդամները, ներառյալ Զարուհի Փոստանջյանը, սովորաբար համագործակցում են միմյանց հետ. «Այս միջադեպը իսկապես արտառոց դեպք էր»։