Նոր մարզպետը կապրի՞ աշխատավարձով (տեսանյութ)
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը չի հերքում, որ վերջին ընտրություններին աշխատել է ՀՀԿ-ի օգտին:
Այսօր Կառավարության նիստից հետո, որի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց նրա նշանակման եւ նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնաթողության մասին, նորանշանակ մարզպետը հայտարարեց. «Ես եղել եմ ՀՀ նախագահի թիմի մեջ, բնականաբար ես պետք է կարողանայի նախագահի կողմն ապահովել»:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը մի քանի տարի առաջ եղել է ՀՅԴ անդամ եւ կուսակցության մանդատով նշանակվել էր Գյուղատնտեսության նախարար: Արդյոք այսօր` տարիներ անց, պահպանվե՞լ են կապերը նախկին կուսակցության հետ եւ արդյոք դա որեւիցե կերպ կանդրադառնա՞ իր` մարզպետի աշխատանքներում. «ՀՀ-ում, ինձ թվում է, բոլորն էլ մեկը մյուսի հետ ընկերներ են, ես շատ ընկերներ ունեմ ՀՅԴ-ից, իսկ քաղաքական առումով` ես կուսակցության մեջ չկամ` արդեն երեւի երկու տարի»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք նա կռահո՞ւմ էր, որ մարզպետ է նշանակվելու ու այդ պատճառով դուրս եկավ ՀՅԴ-ից, պարոն Գրիգորյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք ձեր հարցի պատասխանը տվեցի՞ք: Ոչ, ես չէի կռահում»:
Ինչ վերաբերում է առաջնային խնդիրներին, որոնց նա կանդրադառնա` ստանձնելով մարզպետի պաշտոնը, նա հայտարարեց. «Մենք կնայենք` ինչ խնդիրներ կան: Նախկին մարզպետ Բարսեղյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, մենք շատ հարցերում կարողացել ենք կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Եթե կլինեն հրատապ հարցեր, ապա դրանց հետ կապված առաջին հերթին ուշադրություն կդարձնենք»:
Արդյոք կլինե՞ն կադրային փոփոխություններ, Արամայիս Գրիգորյանը նկատեց. «Ոչինչ չեմ կարող ասել. մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են ու կարող են իրենց աշխատանքը շարունակել ի օգուտ մարզի զարգացման, բնակչության հոգսերի լուծումների հետ կապված, նրանք կմնան ու կաշխատեն»:
Ի՞նչ կարծիք ունի նոր մարզպետը նախկինի հետ կապված սկանդալի վերաբերյալ (շրջանառվող լուրերի համաձայն` նրան հեռացրել են պաշտոնից դիզվառելիքի հետ կապված սկանդալի պատճառով). «Նախկին մարզպետը շատ հարգարժան ու պրոֆեսիոնալ մարդ է, ունի իր հեղինակությունը եւ երբ նա ստանձնել է մարզպետի պաշտոնը մեծ հեղինակություն ունեցավ տարածաշրջանում: Նմանատիպ խոսակցություններ ես չեմ լսել, մարդը հեռացել է աշխատանքից զուտ տարիքի հետ կապված»:
Հայտնի է, որ Արամայիս Գրիգորյանը «Ավշար»-ի գինու գործարանի սեփականատերն է. արդյոք կշարունակի՞ իր բիզնես-գործունեությունը. «Ես որեւիցե բիզնեսով չեմ զբաղվում. եղել եմ սեփականատեր, հիմա` ոչ: Բնականաբար անցնելով պետական աշխատանքի` ես միայն դրանով եմ զբաղվելու ու ապրելու եմ աշխատավարձով»: