ԿԳ նախարարի որոշումը խուճապ է առաջացրել
ԵՊՀ ուսանողները ԿԳ նախարարի նոր որոշումից շփոթության մեջ են։
Ուսանողների խոսքերով, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ընդունված նոր որոշման համաձայն, հոկտեմբերի 1-ից երկու առարկայից լուծարք ունեցող ուսանողները հեռացվում են համալսարանից։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարում բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Մկրտչյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախկին կարգն ավելի հարմար էր և ուսանողի շահերից էր բխում։
«Մենք առաջ հնարավորություն ունեինք 3-րդ անգամ լուծարք հանձնել, իսկ այս նոր որոշումից հետո, փաստորեն, մենք հնարավորություն չենք ունենում հանձնել լուծարքը և հեռացվում ենք համալսարանից։ Նոր որոշումը թե աղջիկների, թե տղաների համար շատ վատ որոշում է։ Հատկապես բանակային տարիքի տղաների համար, որոնք հեռացումից հետո միանգամից բանակ կգնան»,-ասաց Անուշիկ Մկրտչյանը։
«Ա1+»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ԵՊՀ-ից և ԿԳ նախարարությունից։
ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը հայտնեց, որ ԿԳ նախարարի այս նոր որոշումը թույլ է տալիս ևս մեկ լուծարք հանձնել՝ մեկ առարկայից։
«Մենք ստացել ենք ԿԳ նախարարի գրությունը. ըստ գործող կարգի՝ ուսումնական գործընթացը նախատեսված է քննաշրջանից և երկու լուծարքային շրջաններից։ Արդեն 2-3 տարի է՝ նախարարությունը թույլ է տալիս ևս մեկ լրացուցիչ լուծարք կազմակերպել։ Այս նոր գրությամբ նախարարությունը հայտնել է, որ թույլ է տալիս ևս մեկ լուծարք մեկ առարկայից։
Դա նշանակում է, որ եթե որևէ ուսանող ունի երկու առարկայի լուծարք, նա միանգամից հեռացվում է, որովհետև նախարարը թույլ չի տվել երկու լուծարք հանձնել։ Կարգը գործում է ՀՀ բոլոր բուհերի համար։
Նախարարն իր գրությամբ թույլ է տվել այն ուսանողներին, որոնք մեկ ակադեմիական պարտք ունեն, վերահանձնել այն ևս մեկ անգամ։ Նրանց թույլատրվել է ամսի 8-11 ընկած ժամանակահատվածում հանձնել 3-րդ լուծարքը։
Արդեն երկու օր է՝ սկսել է, մենք դեռ չգիտենք, թե քանիսը կհաղթահարեն։ Նորից եմ ասում՝ որոշումը կայանում է նրանում, որ թույլ տալ ևս մեկ անգամ հանձնել այն ուսանողներին, որոնք պետպատվերով չեն, այսինքն՝ բանակից խուսափելու խնդիր չի, և այն ուսանողներին, որոնց մեկ հանձնումը թույլ է տալիս շարունակել ուսումը։ Իսկ եթե մեկը հանձնելուց հետո ևս 2-3 առարկա ունի, բնական է, պետք է հեռացվի»,-ասաց պարոն Ժամհարյանը։
ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ եթե ուսանողներն ունեն երկու առարկայի լուծարք և երկու առարկայից մեկը հանձնելով՝ իրենց գումարայինը 12 կրեդիտից չի անցնում, ապա տեղափոխվում են հաջորդ կուրս։
«Մեր կարգի համաձայն, որն արդեն երեք տարի է գործում է, ուսանողները առաջին կուրսից մինչև ավարտական կուրսի սկիզբը կարող են 12 կրեդիտ պարտքով տեղափոխվել հաջորդ կուրս և հանձնել պարտքը։ Եթե մեկ առարկան հանձնելով 12 կրեդիտից բարձր է, ենթակա է հեռացման»։
Ասում են, որ այս որոշումն ուղղված է բարձր կուրսերում սովորող տղաների դեմ, և սրանով բանակը համալրելու խնդիր է լուծվում։ Պարոն Սուքիասյանը մեկնաբանում է. «Այս որոշումից հետո ուսանողները կարող են ամեն ինչ խոսել։ Զորակոչի ենթակա երեխաների թիվը քիչ է, որոնք տարկետումով են սովորում և ենթակա են հեռացման։
Մենք ունենք նաև արտասահմանցի ուսանողներ, որոնք բանակի հետ կապված խնդիրներ չունեն, էնպես որ, թե ինչ մեկնաբանություն կանեն բարձր կուրսի ուսանողները, թողնում ենք իրենց»,-նշեց ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը։