Պե՞տք են մեզ «Էրեբունի-Երեւանի» ճոխությունները (տեսանյութ)
Տոնը լավ բան է, եթե այն բոլորի համար է։ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը գտնում է, որ Էրեբունի-Երեւանը պետք է բոլորիս տոնը լինի. «Խնդիրը հետեւյալում է` ինչպես նշել, որ բոլորը ներգրավվեն, բոլորն ուրախանան, եւ միգուցե օպտիմալ ձեւով գումարներ ծախսվեն»:
Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ Անկախության 22-ամյակին Նունե Եսայանի մենահամերգը, որի համար պետբյուջեից ծախսվեց 150 հազար դոլար կամ 54 մլն դրամ: Իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին «Իմ սրտի ուղեկից» խորագրի ներքո «Էրեբունի- Երևան 2795» տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ 200 մլն դրամ: Արդյոք նման ծախսերն իմաստ ունե՞ն մի երկրում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է։
«Այսօր շատ հաճախ մենք մեզ շատ ճոխություններ ենք թույլ տալիս, եւ դրա հետ միասին չենք կարողանում հասնել այն նպատակին, որ այդ ճոխության հիման վրա նաեւ աշխարհն էլ իմանա, որ մենք հին ազգ ենք»,- ասում է Թեւան Պողոսյանը:
ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմնակից է բոլոր տիպի ծախսերի թափանցիկության եւ հանրային քննարկումների. «Եթե տվյալ ծախսը, ես չեմ ուզում կոնկրետացնել, ապացուցում է, որ այդ ծախսից բխող արդյունքը պոզիտիվ էֆեկտ կբերի հանրությանը, ես կողմնակից եմ: Բայց եթե պարզվի, որ այդ ծախսը որեւէ արդյունք չի տալիս, այսպես ինչ-որ մի գալոչկայի համար մի ծախս է, որը հերթական անգամ պարտավոր ենք՝ անում ենք, ես դեմ եմ նման ծախսի»:
Միքայել Մելքումյանը հիշեցնում է` 2 տարի առաջ աղքատների թիվը երկրում 1 մլն-ից ավել էր, այսօր այդ թիվը մեծացել է. «Ես կողմ եմ, որ ինչ-որ մի տեղ մենք գոտիները սեղմենք»:
Պետբյուջեից նման հսկայական գումարների հատկացումը շոու ծրագրերի կազմակերպման համար որքանո՞վ է արդարացված։ Հարցի պատասխանը չունի նաեւ Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը. «Ես չեմ զբաղվում, էլի, իմը եկամտային հարց է»: