Տիգրան Առաքելյանը լքեց դահլիճը (տեսանյութ)
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարության ժամանակ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից եւ լքեց դատարանի դահլիճը:
Բանն այն է, որ դատարանը նորից հրաժարվեց լսել պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որով առաջարկում էր դատարանին փոխել Առաքելյանի խափանման միջոց կալանքը:
Տիգրան Առաքելյանն ասաց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հիշեցնենք՝ հայտարարված համաներումը տարածվում է նաեւ այն հոդվածի վրա, որով կալանավորվել է Տիգրան Առաքելյանը: Ի դեպ, նա, ինչպես եւ մնացած բոլորը, ում վրա ազդում է համաներումը, չեն կարող հրաժարվել համաներումից։
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը դատարանի դահլիճից հայտնում է, որ քաղաքացիներին ապօրինաբար թույլ չեն տալիս մուտք գործել դատարանի դահլիճ. «Ընթանում է բացահայտ քաղաքական դատավարություն։Դահլիճում լարված իրավիճակից հետո Տիգրան Առաքելյանին ուղեկցող ոստիկանները հրահանգեցին վերջինիս մոտ իջնել նաև գործով որպես տուժող անցնող հատուկջոկատայինին: Սա օրենքի կոպտագույն խախտում է, և հավանաբար արվել է՝ Տիգրանին հուներից հանելու, նրա նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով»: