Գենդերի գաղափարը ֆաշիզմի դրսեւորում է (տեսանյութ)
Գենդերային գաղափարախոսությունը ֆաշիզմի դրսեւորում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քրեաբանության դոցենտ, միջազգային իրավապաշտպան Յոհան Բեքմանը:
Նրա խոսքերով` այսօր գենդերը պատերազմի մեջ է մարդկության հետ. «Կա Եվրամիություն, կա նաեւ հոգեբանական տերոր. սա խիստ վտանգավոր գործընթաց է։ Այն մարդիկ, ովքեր պայքարում են ձեր ընտանիքների եւ երեխաների նորմալ զարգացման համար, շատ կարեւոր գործ են անում»։
Յոհան Բեքմանը առաջին անգամ էր այցելում Հայաստան եւ այցի նպատակն էր «Համահայկական ծնողական կոմիտեի» հետ համագործակցության հուշագրի ստորագրումը։
Ասուլիսի մյուս բանախոսն էլ՝ «Համահայկական ծնողական կոմիտե»-ի նախագահ Արման Բոշյանը, նշեց, որ կառավարությանը պետք է հիշեցնել, որ վերջինս իրավունք չունի ընդունել օրենքներ, որոնք կքայքայեն մեր ընտանիքները։ Եւ պետք է հիշեցնել, որ կառավարությունը աշխատավարձ է ստանում ժողովրդի միջոցներից. «Նշանակում է երաժշտություն պատվիրողը ժողովուրդն է»։
Բանախոսները հիշեցնում են, որ անչափ կարեւոր է պահպանել ընտանեկան ավանդական արժեքները։