Ոչխարները կփոխհատուցեն եզդի հովվի վնասվածքը (տեսանյութ)
Շիրակի մարզի դատախազությունը եզդի հովիվ Իշխան Մամոյանին ստիպում է փոխհատուցել մեկ տարի առաջ իրեն վրաերթի ենթարկած «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի կրած վնասները։
Շիրակի մարզի քննիչ Սամվելյանը հարուցված գործում ձեւակերպել է այսպես՝ հովվին հարվածել են իր ոչխարները։
«Ես ոչխար հո չէի, ոչխար գա ընձի խփե, ավտոն խփեր ա, ոտս ջարդել ա»,- ասում է Իշխան Մամոյանը։
Արդարություն գտնելու համար Արմավիրի հիվանդանոցում երկու օր առաջ երկրորդ վիրահատությունը տարած հովիվ Իշխան Մամոյանը եկել է Երեւան։ Ասում է՝ քննիչներն իմ գլխին գործ են սարքել. «Ես մե տարի պառկել եմ, իմ ծախսերն ո՞վ պտի տա, ավտոյի տերը պտի տա։ Իմ երեխեքը ո՞վ պահի, ընձի խաբեց ասեց՝ գալում եմ, մի բողոքա, ես գքամ, քու փողը կտամ»։
Ոտքի բազմաբեկորային վնասվածքը Իշխան Մամոյանն ստացել է ոչխարներին ավտոմայրուղով Շիրակի մարզից Արմավիրի մարզ տանելու ճանապարհին։ «Մերսեդեսի» հարվածից հովիվն ընկել է իր ոչխարների մեջ։ Դրանից էլ, ըստ նախկին քննիչ, եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանի ձեւակերպմամբ, ծնվել է քննիչների զվարճալի մեղադրանքը. «Համ հարվածում ես հովիվի անասունին, համ էլ մեքենայի վնասն ես ուզում»։
«Ցանկացած պարագայում «Մերսեդեսի» վարորդը պետք է փոխհատուցեր Իշխան Մամոյանին,-ասում է Ամո Շարոյանը,-քանի որ ավտոմեքենան արդեն վտանգի աղբյուր է, սակայն քննիչի թեթեւ ձեռքով կոտրվածքների մեղավոր են դարձել ոչխարները, որպեսզի Մերսեդեսի վարորդը չփոխհատուցի»։
Վարորդը Իշխան Ամոյանից ուզում է մեկ միլիոն 300 հազար դրամի փոխհատուցում։ ԱՊՊԱ-ն վարորդին արդեն փոխհատուցել է 600 հազար դրամ՝ որպես տուժողի ներկայացուցիչ։
Մի հարց, սակայն, ըստ Ամո Շարոյանի, պարզ չէ. ոչխարներն ինչպե՞ս են բազմաբեկորային վնասվածք պատճառել եզդի հովվին. «Թեկուզ իսպանական ցուլեր բերենք ստեղ Հայաստան, միեւնույն է, անհնարին է բազմաբեկորային վնասվածք պատճառել»։
Եզդի համայնքը հանրապետության բոլոր հնարավոր պաշտոնյաներից, ներառյալ նախագահի գրասենյակից, պահանջում են քննիչի արարքը համարել հանցագործություն են հարուցել քրեական գործ։ Բոլոր, ներառյալ նախագահի գրասենյակին ուղղված պահանջները, վերադարձրել են Շիրակի մարզի դատախազություն, որտեղից էլ եզդի հովվից պահանջում են փոխհատուցել «Մերսեդեսի» վարորդի վնասները։