Խոլերայի վտանգ կա
Իրանի Իսլամական Հանրապետությունում մոլեգնող խոլերայի համաճարակի մասին լուրերը շարունակում են անհանգստացնել հայ հասարակությանը: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները, եւ երեկվա դրությամբ ստուգման է ենթարկվել Հայաստան ժամանող 1579 անձ, որոնցից ոչ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել և որևէ կասկածելի դեպք չի գրանցվել:
Սակայն Լիլիթ Ավետիսյանը չբացառեց, որ նրանք կարող են վարակի փոխանցողներ լինեն:
«Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է: Հարուցիչը օրգանիզմ է ներթափանցում բերանով՝ ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով: Այն զարգանում է սանիտարահիգիենիկ ցածր պայմաններում և ավելի մեծ տարածում է ունենում կեղտոտ միջավայրում, հետեւաբար կանխարգելման համար կարևոր է անձի և շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը»,-նշեց Լ. Ավետիսյանը՝ հորդորելով լավ լվանալ ձեռքերը:
Խոլերայի հիմնական ախտանիշը փորլուծությունն է, որի արդյունքում տեղի է ունենում օրգանիզմի ջրազրկում, ինչի հետևանքով մաշկը թոշնում է ու դառնում կնճռոտված: «Փորլուծության առկայության դեպքում պետք չէ օրգանիզմը հասցնել ջրազրկման, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի»,-տեղեկացրեց Լիլիթ Ավետիսյանը՝ հավաստիացնելով, որ հայաստանյան բուժհաստատություններում առկա են վարակի բուժման համար բոլոր անհրաժեշտ հակաբիոտիկ միջոցները, իսկ բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:
Կարևոր է իմանալ, որ խոլերայի հարուցիչի կենսունակությունը ոչնչանում է 58°C 20-30 րոպեում, 80°C՝ 5 րոպեում, 100°C անմիջապես։ Սև հացի մեջ իր կենսունակությունը պահպանում է մինչև 4 օր, կաթի և պանրի մեջ՝ 8 օր, կեղտոտ սպիտակեղենի վրա՝ մինչև 12 օր, ճանճերի վրա՝ մինչև 2 օր։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-6 օր է, կլինիկական նշանները` ընդհանուր թուլություն, գլխացավ, ախորժակի խանգարում, փսխում, փորլուծություն, նկատվում են ցնցումներ: Այս ախտանշանների դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ: Այն մարդիկ, որոնք հիվանդի հետ շփում են ունեցել, նույնպես պետք է ենթարկվեն հետազոտման։
Հիշեցենք, որ Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում օգոստոսի 28-ին և 29-ին բնակչության շրջանում արձանագրվել էր աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 54 դեպք: Սակայն Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքեց կայքերից մեկի տարածած լուրը, թե նշված գյուղերում խոլերայի համաճարակ է: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ 1998 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում խոլերայի ոչ մի դեպք չի արձանագրվել: