Բամբակաշատի վնասը կազմել է 100 տոկոս (տեսանյութ)
Գարնանային կարկուտի հետեւանքները խաղողով հարուստ Բամբակաշատում հաշվում են աշնանը։
Գյուղի կրած վնասները կազմել են 100 տոկոս։ Չկա մի տուն, որը վնաս չի կրել։ Ազգային Ժողովի պատգամավորներից մեկը ստեղծեց հիմնադրամ եւ ամբողջ գյուղին փոխհատուցեց 40 եւ 50-հազարական դրամներով։ Գյուղացիները հիմա են հասկանում, թե ինչպես է 40 եւ 50 հազար դրամ փոխհատուցումով իշխանությունը ծիծաղել իրենց վրա։
Խանութպան Հուլիոս. «40 հազար գումարը էտի սկի 2 շիշ արաղ ա անում, էլի, ընդամենը, եթե երկու հոգի նստեն ռեստորան հաց ուտեն, 40 հազարը չի հերիքի»։
Գյուղի անասնաբույժի կինը. «Մե մեշոկ ալյուր առանք, մե պաշկա էլ կարագ փոքր 5 կիլանոց»։
Երկու ոտքից զրկված Սերգեյ Նավասարդյանի հետ բնությունը հնարավոր բոլոր չարիքները խաղացել է՝ ի ծնե հաշմանդամ է նաեւ նրա դուստրը, խաղողի բերքահավաքից հույս ուներ ստանալ 2 միլիոն դրամ. «Անցյալ տարի 8 տոննա խաղող եմ քաղել այգում, էս տարի մոտ մի 10 տոննա էի սպասում, հիմա երեւի մոտ մի 2-3 հարյուր կիլո խաղող ա լինելու»։
Նա խաղողի շքեղ այգի ունի, մշակում էին ընկերները, այնպես չէ, որ դժգոհ է կյանքից, բայց եկամուտներն արդեն հաշվում է իր եւ դստեր հաշմանդամության թոշակներով. «22 հազար դրամ փող եմ ստանում, որից 18 հազարն ա կարգինը, 4 հազարն էլ ստաժի պահով, մի 15 հազար էլ աղջիկս ա ստանում»։
Մյուս բամբակաշատցիների նման Սերգեյ Նավասարդյանը հսկայական վարկեր է վերցրել խաղողի այգիներով գումար աշխատելու համար։ Կառավարությունը նրան խոստացել է երկու տարի չանհանգստացնել։ Ինքը կարծում է, որ կարելի էր վարվել այլ կերպ. «Քաղաքում էլիտար շենքեր են սարքում, սարքել են կիսատ մնացել ա, առնող չկա, էդ փողը տային գյուղացիներին»։