«Նախարարը կգա՝ կբարիշենք»
Այսօր Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց հավաքվել և բողոքում էին խաղողի մթերման հետ կապված խնդիրներից:
«Ա1+» -ի հետ հարցազրույցում Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը տեղեկացրեց, որ այս պահին գյուղում իրավիճակը լարված չէ, գյուղացիներն արդեն գնացել են տուն:
Գալստյանի փոխանցմամբ` գյուղացիների բողոքը կապված է խաղողի մթերման ցածր գնի հետ. «Կան մթերող կազմակերպություններ, որոնք չեն ուզում մթերել խաղող, կան, որ էժան գներով են ուզում մթերել խաղողը»,- ասում է Աղավնաձորի համայնքի ղեկավարը:
Նրա խոսքերով` խաղողի տեխնիկական սորտը, որից «Արենի» գինի են ստանում, մթերող ընկերություններն ուզում են էժան գնով վերցնել. «ՈՒզում են որպես կոնյակի սպիրտ էժան վերցնեն»,- նշեց Գալստյանը:
Աշոտ Գալստյանը հերքեց շրջանառվող այն տեղեկությունը, թե գյուղացիներն ուզում են խաղողը մթերել 500 դրամով. «Անցյալ տարվա նման գյուղացիներն ուզում են 220 դրամով մթերել»:
Աղավնաձոր համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ վաղն իրենց մոտ են գալու Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և գյուղացիների հետ միասին կորոշեն խաղողի մթերման գինը. «Կբարիշենք, որ գյուղացու համար հարմար գնով լինի մթերումը»: