Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդերքի շահագործում՝ կոռուպցիոն ռիսկերով (տեսանյութ)

Հասարակություն
743c78bcb2179b553abc0bd49567ead6

ԱԺ-ում այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Ընդերքաշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով: Քննարկմանը ներկա բնապահպանների շատ հարցեր ուղղակի անպատասխան մնացին:

«Հայաստանի շուրջ 65 մլրդ դրամ եկամուտ ապահովող ընդերքի շահագործումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Սա ասում է մի մարդ, ով ըստ շրջանառվող լուրերի` հայտնի է իբրեւ բազմաթիվ հանքերի սեփականատեր:

Նրան հատկապես դուր չի եկել օրենսդրական այն փոփոխությունները, ըստ որոնց, համայնքի ղեկավարը պետք է որոշի՝ թույլ տա՞ շահագործել իր տարածքի հանքը, թե ոչ. «Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում` Քաջարանի կողքի համայնքը թույլ չի տալիս շահագործել Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը: Է տենց-տենց է, ուրեմն կարանք ասենք, որ 18 տարեկան մեր երեխաներին էլ բանակ չենք ուղարկում»:

Վարդան Այվազյանին վրդովեցրել էր նաեւ այն, որ կան ընդերքաշահագործման պայմանագրեր` առանց երկրաբանական գնահատման, առանց պաշարների հաստատման. «Դա մոտավորապես ամբարից ցորեն գողացող մուկ է»:

Խորհրդարանական լսումներին այսօր ներկա էին նաեւ բնապահպաններ: Նրանցից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ հիմնադիր անդամ Սոնա Այվազյանին մասնավորապես հետաքրքրում էր` հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողության, մասնավորապես՝ Թեղուտի հանքավայրի հարցը. «Թեղուտի հանքավայրը շահագործվում է մի ծրագրով, որը չի ներկայացվել բնապահպանության փորձաքննության»:

Այս հարցին չպատասխանեց ոչ Բնապահպանության նախարարը եւ ոչ էլ Վարդան Այվազյանը։ Փոխարենը պարոն Այվազյանը դիմեց ներկա ընդերք շահագործողներին` կոչ անելով նրանց առավել ակտիվ մասնակցել քննարկմանը. «Դուք ավելի լուրջ խնդիրներ ունեք, բայց դուք ձայն չեք հանում այստեղ նստած»: