Անասնաբույժը չի նկատել սիբիրախտի ախտանիշը
Երեկ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե հոկտեմբերի 4-ին ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:
«Ա1+»-ի հետ հարցազրույցում Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը նշեց, որ սիբիրախտով վարակված 11 բնակիչներն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել։
Գյուղապետի խոսքերով՝ բնակիչների սիբիրախտով վարակվելու պատճառը եղել է սիբիրախտով վարակված մսի օգտագործումը. «4 խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնց մոտ հայտնաբերվել է սիբիրախտ մորթել են, միսը վաճառել», - նշեց նա:
Անդրանիկ Հարությունյանն ասում է, որ սիբիրախտի դեմ պատվաստումներ կենդանիներին կատարվել են դեռ մարտ ամսին: Իսկ թե որտեղից է հայտնաբերվել վարակը Հարթագյուղում` համայնքի ղեկավարը հետևյալ վարկածն է առաջ քաշում. «Գյուղում անասունների տեղաշարժ կա, մարդիկ անասուններին կողքի գյուղերից, Շիրակից են առնում-բերում, կարող ա էնտեղ սրսկված չեն եղել, դժվարանում եմ ասել»։
«Ա1+»-ի հարցին, թե արդյոք անասնաբույժը չի՞ նկատել մսեղեքի՝ սիբիրախտով վարակված լինելը, Հարթագյուղի գյուղապետն ասաց. «Կոմունիստական ժամանակ մինչև բժշկի եռանկյունի պեչատը չդներ, թե միսը առողջ է, չէր վաճառվում, էդպիսի բաներ հիմա սկի շուկաներում չկա, ուր մնաց թե գյուղերում»: