Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անհրաժեշտ են եվրոպական դատավորներ»

Հասարակություն
7ad538db65ca9ba24417841361520485

«Միլիոնանոց պետության մեջ դժվար է ստեղծել անկախ դատական համակարգ,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։-Հայաստանին անհրաժեշտ են եվրոպական դատավորներ, որոնք Հայաստանի ոչ մի քաղաքացու չեն ճանաչում»։


Ըստ պարոն Բագրատյանի, եվրոպացի դատավորին կաշառել հնարավոր չէ։ Հայաստանի տիպի փոքրիկ երկրներում, ՀԱԿ պատգամավորի կարծիքով, տեղացի դատավորները միշտ կարող են շփվել այնպիսի դատական գործերի հետ, որոնցում կունենան անձնական շահագրգռվածություն. «Միլիոնանոց պետություն սպասարկելու համար պետք է ունենալ 500 դատավոր, նու այսպես ասեմ, 400-ից 600։ Եվ դրանք բոլորը բոլորին ճանաչում են»։

Ընդդիմադիր դատավորն ասում է, որ մեխանիզմը պարզ է՝ Հայաստանն ստեղծում է եվրոպական դատարաններ, պայմանագիր է կնքում, ասենք, Շվեդիայի հետ եւ 10 դատարանում դատավոր է նշանակում շվեդի. «Դա նույնպես հայկական դատարան է, մեր օրենքներով, մեր կարգ ու կանոնով, մեր օրենսդրությամբ»։

Դրա համար, ըստ պարոն Բագրատյանի, կարիք չկա փոխել Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները՝ պարզապես Պողոս Պողոսյանի փոխարեն դատավոր կաշխատի շվեդ Լունգ Արմսթրոնգը։ Վճարումն իրականացնելու է Հայաստանի բյուջեն. «Տալիս եք էն աշխատավարձը, որն իրան կբավարարի, փոխարենն ունենում եք արդարադատություն»։

Հրանտ Բագրատյանը եվրոպացի դատավորներ հրավիրելու հարցը չի քննարկել եւ չի քննարկելու Հայաստանի իշխանությունների հետ՝ իմաստ չունի։ Ի դեպ, պատգամավորը վստահեցնում է, որ մենք աշխարհում առաջինը չենք լինի օտար դատավորներ հրավիրելու հարցում. «Նման օրինակներ կան, բայց ես ձեզ ուզում եմ ասել՝ թքած ունեմ նման օրինակներ կան, թե չէ։ Ես 55 տարեկան եմ, Հայաստանի կյանքը լավ պատկերացնող եւ կարող եմ պատկերացնել, թե ինչ կլինի։ Աշխարհում, օրինակ, չկար ատոմակայան վերագործարկել, բայց ես դա արել եմ, աշխարհում չկար 2 ամսում հողի սեփականաշնորհում, ես դա արել եմ։

Աշխարհում չկար միանգամից հացի գների ազատականացում, ես դա արել եմ»։