Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը խոստումը չի կատարում

Հասարակություն
7ae57b7524b0736c4de90ee8d1798f6f

Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը սեփականաշնորհման փաստաթղթեր չի տրամադրում Նորագավիթի մոտ 220 ընտանիքների։
Այս հարցի պատասխանը ստանալու համար այսօր հողօգտագործողները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց։

Նախկին կոլտնտեսության լուծարումից հետո Նորագավիթի մոտ 70 ՀԱ տարածք տրամադրվել է հողօգտագործողներին։

Բնակիչների խոսքերով՝ հողերի սեփականաշնորհման գործընթացը ձգձգվում է. «Ասում են կտանք, կտանք, բայց չեն տալիս, մենք էլ ուզում ենք իմանալ՝ որն է պատճառը, ինչի՞ չեն տալիս վկայականները։ Չարբախն է, Հաղթանակն է, 3-րդ գյուղն է, բոլորն էլ ստացել են։ Ի՞նչի հերթը հասավ Նորագավիթին, այդ օրենքը վերացավ»,- նշեց հողօգտագործողներից մեկը։

Նրանց խոսքերով՝ իրենց պարզապես խաբում են, եւ ընտրություններից առաջ հերթական անգամ խաբվել են։ «Մեր սեփական հողը, որ հիմա ցորեն է ցանած, ընտրություններից առաջ Տարոնը եկել է Նորագավիթ, խոստացել է՝ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ձեր հողերը պատրաստ է, ո՞ւր է հիմա»,- հարց է տալիս Ջուլիետա Հովսեփյանը։

Նրանց հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ դիտմամբ տարածքի ջուրն են կտրել, որ հողատարածքները չորանան. «Իսկ մեր 22 տարի շարունակ մշակած հողերը դառնան արոտավայրեր»,- նշում է Դերենիկ Ղեւոնդյանը։

Հողօգտագործողները համոզվել են, որ ցանկանում են իրենց մշակած հողերը վերցնել իրենց ձեռքից. «Լսել ենք, որ ինչ-որ մեկը աչք ունի այդ հողերի վրա, սակայն անունը չգիտենք»,- ավելացրին նրանք։

220 հողօգտագործողներից ոմանք սեփականության վկայականը ստանալու համար 40-ից մինչեւ 70.000 դրամ են մուծել, սակայն հիմա կանգնել են փաստի առջեւ, մտածում են, որ այդ գումարը եւս կկորցնեն։